Հայերեն

ԴևիդՍեթեր. « Հայերիգրավյալ տարածքներըչիպատկանումհայերին»

11.07.2014 | 09:48

10528079_600623653384455_1594985717_n

ԴևիդՍեթեր. « Հայերիգրավյալ  տարածքներըչիպատկանումհայերին»

– Պարոն Սեթեր, ուկրաինական ճգնաժամի շուրջ շարունակվում են Արևմուտք-Ռուսաստան բախումները, և կարծես Արևմուտքը այսօր չի դիտարկում պատժամիջոցներին այլընտրանք: Ի՞նչ պետք է սպասի Ռուսաստանն Արևմուտքից:

– Ներկայում տարբեր փուլեր կան: Եթե մենք խոսում ենք ճգնաժամի մասին ընդհանրապես և այն մասին, թե ճգնաժամն ինչ ազդեցություն է ունեցել հարաբերությունների վրա, ապա, բնականաբար, Արևմուտքը, հատկապես Ամերիկան, Ռուսաստանին դիտարկում է շատ ավելի իրատեսական դիտանկյունից, քան նախկինում: Եթե նախկինում գոնե կային Ռուսաստանի գործողությունները արդարացնելու հնարավորություններ, թեև ոչ շատ համոզիչ, այժմ արդարացում գտնելը չափազանց բարդ է: Ուստի ամեն դեպքում՝ նրանք, ովքեր դիտարկում են ներդրումային պրոյեկտներ Ռուսաստանում, շատ ավելի զգույշ կլինեն: Այն բոլոր ժեստերը, որոնք ամերիկացիները սիրում են, այսինքն՝ բարի կամք, համագործակցություն, ավելի քիչ են օգտագործվելու Ռուսաստանի դեպքում:

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա Ամերիկայի գործիքակազմում կան բավականին լուրջ բնույթի պատժամիջոցներ, շատ ավելի լուրջ այն պատժամիջոցներից, որոնք արդեն կիրառվել են, և ես կարծում եմ՝ եթե Ուկրաինայի արևելքում իրավիճակը չկարգավորվի, իսկ Ռուսաստանը բավական շատ լծակներ ունի իրավիճակն այնտեղ լարված պահելու, ենթադրում եմ, որ լուրջ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն, որովհետև այս իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել: Ի դեպ, թույլ պատժամիջոցները ևս իրենց մասնակի ազդեցությունն ունեցել են. Ռուսաստանն ընդունեց Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի անջատողականներին հորդորեց հանրաքվե չանցկացնել, ինչպես նաև բացակայում է մեծածավալ ներխուժումը: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու պուտինյան ռեժիմը ցանկանում են պահպանել լարվածության այդ լծակները, որպեսզի ապակայունացնեն Ուկրաինան ցանկացած ժամանակ: Եվ սրան, բնականաբար, պետք է հակազդել:

Պետք է հաշվի առնել նաև այն, որ այս բոլոր ջանքերը չեն փոխում ամենագլխավորը, այն է՝ Ուկրաինան վերջնականապես կործանվել է, ու հիմա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ Ուկրաինան կսկսի ընթանալ եվրոպականացման ուղղությամբ՝ հիմնվելով Արևմուտքի վրա:

– Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, նոր իրողությունները նաև Իրանի շուրջ Ռուսաստանի տնտեսության համար որևէ դրական հեռանկար չեն խոստանում, ռեսուրսները, ըստ հենց ռուսաստանցի տնտեսագետների, սկսում են չբավականացնել նորանոր ծախսերի համար, ինչպիսիք են Ղրիմն ու եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտներին հետխորհրդային տարածաշրջանում:

– Դրանք այսօր շարունակվում են, բայց ո՞ւմ հետ այդ պրոյեկտները կարող են կապ ունենալ ապագայում՝ շատ քիչ երկրների հետ, այն երկրների, որոնք այս կամ այն կերպ կախված են Ռուսաստանից: Այդ երկրների թիվը հետխորհրդային տարածքում ավելի ու ավելի է քչանում, ուստի ես մտածում եմ, որ այս պրոյեկտները տնտեսական որևէ արդյունք չեն տալու Ռուսաստանին: Ի վերջո՝ խոսքը մի տնտեսության մասին է, որի հիմքը հումքն է, որը բացարձակ կախված է համաշխարհային գներից, որոնք բարձր են հիմա, բայց ցանկացած գին կարող է ընկնել:

– Պարոն Սեթեր, չկարգավորված հակամարտությունները գործուն գործիք են դարձել Ռուսաստանի ձեռքին հետխորհրդային տարածքում իր ազդեցության պահպանման համար, այդ թվում՝ ավտորիտար և նույնիսկ դիկտատուրական իշխանությունների պահպանման: Ի՞նչ է սպասվում այս երկրներին այս նոր իրավիճակում, որը մի շարք փորձագետներ հասցրել են որակել որպես հետռուսական:

– Հետխորհրդային երկրները տարբերվում են միմյանցից, ունեն առանձնահատկություններ, ինչն էլ նշանակում է, որ այդ երկրների ճակատագրերն էլ պետք է որ տարբեր լինեն և հենց այդպես էլ կլինեն: Նրանք, ովքեր գոնե պատրաստ են եվրոպական ինտեգրացիային ու ժողովրդավարական գործընթացներին, շարժվում են այդ ուղղությամբ: Իսկ այդ ուղով չգնացողների համար շատ բան կախված է Ուկրաինայի օրինակից: Ուստի Ուկրաինան, որպես ԽՍՀՄ երկրորդ հանրապետություն, դրական օրինակ դառնալու հնարավորություն ունի: Սա է պատճառը, որ Ռուսաստանն ամեն կերպ ցանկանում է խոչընդոտել Ուկրաինայի ժողովրդավարացմանը: Դա անում է ոչ միայն իր վերահսկողությունը Ուկրաինայի նկատմամբ պահպանելու համար, այլ նաև ռուսաստանցիներին ու հետխորհրդային երկրների ներկայացուցիչներին այդ օրինակից պաշտպանելու համար, որպեսզի մարդիկ այլընտրանք չտեսնեն այն ավտորիտար համակարգերին, որոնք գոյություն ունեն Ռուսաստանում, Ղազախստանում, ուստի այս օրինակը վտանգավոր է Ռուսաստանի համար, քանի որ այդ օրինակը վարակիչ է լինելու: Ապակայունացնելով Ուկրաինան՝ Ռուսաստանն ուկրաինական օրինակը պակաս գրավիչ է դարձնում: Ես կարծում եմ, որ հետխորհրդային երկրների մեծամասնությունն այսօր ուկրաինական զարգացումների ազդեցության տակ են. եթե այն հաջող ընթացք ունենա, ապա տեղի կունենա տարածաշրջանի վերակողմնորոշում՝ մանավանդ, երբ Ռուսաստանը դառնում է չափազանց մեկուսացված և ի վերջո՝ ունենալու է այնպիսի ներքին ճգանաժամ, ինչպիսին սկսվեց Ուկրաինայում:

– Այսինքն՝ Հայաստանը և՞ս կարող է անցնել նույն ճանապարհը, ինչ Ուկրաինան՝ վերակողմնորոշման դեպքում:

– Հայաստանն այս իմաստով շատ հարմար թեկնածու է, մարդիկ կիրթ են, երկիրն ունի հին մշակույթ, պատմություն, բնակչություն՝ նաև արտերկրում, մեծ կապեր՝ շատ հայեր են ապրում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ուստի սա ամենահարմար թեկնածուներից մեկն է: Սակայն Հայաստանը տարբեր ռազմավարական, աշխարհաքաղաքական պատճառներից ելնելով՝ փնտրում է Ռուսաստանից պաշտպանություն:

– Արևմուտքում կա գիտակցում, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանային ու համաեվրոպական անվտանգության համար:

– Ամենագլխավորն այն է, որ Ռուսաստանը չի պահպանում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը, Ռուսաստանն առաջին անգամ խախտեց այն: Ռուսաստանը չի հետևում միջազգային ֆունդամենտալ այն կանոններին, որոնք ապահովում են խաղաղությունը: Բացի դրանից՝ կա մեկ այլ խնդիր. Ռուսաստանը պայմաններ է ստեղծում ներքին համակարգային ճգնաժամի համար, քանի որ բարեփոխումների բացակայությունը, ներկայիս ռեժիմի պահպանությունը, Պուտինի ցանկությունը՝ ղեկավարել ընդմիշտ, առաջին հերթին տնտեսական անարդյունավետություն է ստեղծում, և քայքայվում են այնպիսի գործոններ, որոնք ապահովում էին Ռուսաստանի կայունությունը, քանի որ մարդիկ երկար տարիներ համակերպվել էին անօրինականության, թալանի, կոռուպցիայի հետ, որովհետև այդպես լավ էին ապրում: Բայց եթե Ռուսաստանը մեկուսանա աշխարհից, տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն, ներդրումներ չլինեն, ռուսական տնտեսությունը, որն այսօր արդեն անկման ճանապարհին է, ավելի վատ վիճակում կհայտնվի՝ տապալելով գործող ռեժիմը: Իսկ Ռուսաստանի ներքին ճգնաժամը, Ռուսաստանի անկայունությունը աշխարհի համար սպառնալիք է, քանի որ Ռուսաստանը երկրորդ միջուկային երկիրն է, և շատերը Ռուսաստանում ունեն ծայրահեղական տրամադրություններ, իսկ թալանչի իշխանությունը սպառնալիք է ողջ աշխարհի համար, հենց Ռուսաստանում ապրող ռուսների համար: Այդ սպառնալիքը միանշանակ հասկանում են Արևմուտքում, քանի որ Ռուսաստանն աշխարհակարգը խախտող է, թեև շատ արևմտյան երկրներ իրենք են կախված Ռուսաստանից, այնպես որ՝ կանխատեսելը բարդ է, բարդ է ասել՝ ինչպես կզարգանան գործընթացները:

– Հայաստանը բավականին ճակատագրական փուլում է. Հայաստանը միանում է եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին ԼՂ չկարգավորված հակամարտության, հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունների և փակ սահմանների, տնտեսական ծանր վիճակի պայմաններում, ու այս իրավիճակում շատերը իրենց ապագան տեսնում են ոչ թե Եվրասիայում, այլ Եվրոպայում: Ի՞նչ ելք եք տեսնում Հայաստանի համար, ինչպե՞ս կարող է Հայաստանը ազատ արտաքին քաղաքական զարգացման ուղի ընտրել:

– Վերջին տարիներին այդքան ինտենսիվ չեմ հետաքրքրվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի նորություններով, բայց գիտեմ, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության աղբյուրը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի մեկուսացման իրավիճակը չէ, տնտեսական վատ վիճակը չէ, այլ ԼՂ հակամարտությունն է: Իմ կարծիքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ներկայում որքանով է հնարավոր կարգավորել այս հակամարտությունը:

Եթե կարգավորումը լինի, ապա Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին չի լինի այնքան կարևոր, ինչպես հիմա է. սա միակ բանն է, որը ես կարող եմ ասել այս մասին:

– Հայաստանը և՞ս տարածքով պետք է վճարի իր ազատության համար, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան:

– Շատ վիճահարույց հարցեր կան ԼՂ-ի շուրջ Հայաստանի գրավյալ տարածքների վերաբերյալ, ուստի չեմ մտածում, որ համեմատությունը ճիշտ է:

Հայաստանի գրավյալ տարածքներն են բանակցությունների բուն առարկան, ու փաստորեն ցանկացած խաղաղ կարգավորման գործընթաց ունենալու է տարածքների փոխանակման կամ վերադարձման պայման, թեև ես չգիտեմ, թե ամենավերջին գաղափարները որոնք են եղել:

Եթե վերցնենք Վրաստանն ու Ուկրաինան, ապա նրանք կորցրին տարածքներ, որոնք եղել են իրենց կազմում, երբ նրանք ԽՍՀՄ կազմում էին, իսկ ԼՂ-ի շուրջ տարածքները հայկական չեն եղել գոնե ԽՍՀՄ շրջանում, ուստի, ինչպես ես եմ հասկանում, ընդհանրապես այս հարցի կարգավորման տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանը վերադարձնի այդ տարածքների մի մասը:

Ես ասացի նաև, որ ուկրաինական ճգնաժամի դրական ելքը կարող է դառնալ լավ օրինակ ողջ հետխորհրդային տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար: Հայաստանն այդ օրինակի համար շատ հարմար թեկնածու է, թեև իր առանձնահատկություններն ունի: Այդ օրինակը վարակիչ է ու վտանգավոր Ռուսաստանի համար:

 

 

“KarabakhINFO.com”

11.07.2014 09:48

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*