Հայերեն

Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները համատեղ ճեպազրույց են անցկացրել ԶԼՄ – ների դեմ

15.10.2014 | 14:20

azerb-rusՀոկտեմբերի 13-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: Շոյգու-Ալիև հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները «հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում»: Շոյգուն Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է իր ու Զաքիր Հասանովի բանակցությունների օրակարգի մասին ու հայտնել, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է Կասպից ծովում երկու երկրների համագործակցությունը:

 
Սերգեյ Շոյգույի ու Զաքիր Հասանովի բանակցությունների արդյունքում պաշտպանության նախարարները կնքել են երկու երկրների 2015 թվականի ռազմական համագործակցության պայմանագիրը:

 
Թեև պայմանագրի տեքստը չի հրապարակվել, սակայն հանդիսավոր ընդունելության ժամանակ Զաքիր Հասանովը հայտնել է, որ ծրագրով հստակեցվել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության, համատեղ զորավարժությունների ու կադրերի պատրաստման հարցեր: Այս մասին գրել է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ըստ Հասանովի՝ ծրագրով նախատեսված է Կասպից ծովում երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարաշտաբային ու ռազմավարական զորավարժությունների անցկացում, իսկ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ինչպես հայտարարել է Հասանովը, Ադրբեջանը մտադիր է ժամանակակից սպառազինություն ու ռազմական տեխնիկա ներմուծել Ռուսաստանից, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սպառազինության մասին է խոսքը:

 
Բացի այդ, երկու երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են, որ 2015-ին ադրբեջանցի զինվորականները կկարողանան վերապատրաստվել ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում, իսկ ռուսաստանցիները՝ ադրբեջանական հաստատություններում: Շոյգուն նշել է, որ ներկայում Ռուսաստանի բուհերում անվճար սովորում է Ադրբեջանի զինված ուժերի 57 զինծառայող, սակայն ադրբեջանական կողմն իր զինծառայողների համար հավելյալ տեղեր է խնդրել, ինչին Ռուսաստանը համաձայնել է:

 
Սերգեյ Շոյգուի պաշտոնական այցի ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են նաև Կասպից ծովում երկու երկրների համագործակցության ու կոլեկտիվ անվտանգության համակարգ ստեղծելու հեռանկարները, մասնավորապես քննարկվել են առևտրային փոխադրումների անվտանգության նպատակով երկու կողմերի տեղեկությունների փոխանակնումն ու հանցավոր խմբավորումների դեմ պայքարը: Բանակցությունների ընթացքում նախարարները կարծիքներ են փոխանակել նաև Սիրիայի, Իրաքի ու Ուկրաինայի ներկա վիճակի վերաբերյալ:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

15.10.2014 14:20

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*