Հայերեն

Ալեքսանդր Սկակով . «Ադրբեջանը կազդի դիրքորոշումների վրա, որպեսզի Հայաստանը չմիանա այդ միությանը»

28.06.2014 | 13:09

1403946533_aleksandrՄոսկվայի փորձերը՝ հակազդել Ադրբեջանի ճնշումներին Ղազախստանի ու Բելառուսի վրա, անհաջող են: Այս մասին ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով երեկ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո տրված գնահատականներին: Մասնավորապես, անդրադառնալով Շուվալովի խոսքերին, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ, և տեսակետներին, թե սա պատրվակ է Մոսկվայի համար՝ հետաձգելու Հայաստանի եվրասիական անդամակցության գործընթացը, նա ասաց, որ խնդիրը Մոսկվայում չէ, այլ Աստանայում, ինչու ոչ՝ նաև Մինսկում: Ըստ նրա՝ Ադրբեջանը շարունակում է առավելագույնս ազդել Ղազախստանի ու Բելառուսի դիրքորոշումների վրա, որպեսզի Հայաստանը չմիանա այդ միությանը: «Ինչպես երևում է, Մոսկվայի փորձերը՝ հակազդել Ադրբեջանի այդ ճնշումներին, անհաջող են: Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ Հայաստանի անդամակցությունն այդ միություններին կապված է այն անվտանգության երաշխիքների հետ, որոնք Ռուսաստանը տրամադրել է Ղարաբաղի հետ կապված, ուստի այս հարցերն Ադրբեջանի համար չափազանց ցավոտ են»,- ընդգծեց ռուսաստանցի փորձագետը: Հարցին՝ Սերգեյ Լավրովը չկարողացա՞վ Ադրբեջանում համաձայնեցնել այդ հարցը, Սկակովը պատասխանեց, որ այդ հարցը դեռ լուծված չէ, և Ադրբեջանը դեռ անելու է ամեն բան, որպեսզի Հայաստանը չդառնա Մաքսային և Եվրասիական միությունների անդամ: Հիշեցնենք, որ երեկ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը խոսել է Մաքսային միությունում առկա խնդիրների ու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության խոչընդոտների մասին: Նա մասնավորապես ասել է՝ եթե Հայաստանը միանա եվրասիական պրոյեկտներին, ստորագրի համաձայնագիրը, և այն վավերացվի, ապա փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որտեղ Հայաստանը պարտավորվել է կիրառել և կիրառում է ցածր մաքսատուրքեր, իսկ դրանք իրենց հերթին տարբերվելու են Հայաստանի՝ ՄՄ-ի շրջանակներում պարտավորություններից: Սակայն սա հայաստանյան փորձագիտական հանրության և քաղաքական գործիչներից ոմանց շրջանում որակվում է որպես պատրվակ՝ Ռուսաստանի կողմից ձգձգելու Հայաստանի ինտեգրացիոն գործընթացը:

“KarabakhİNFO.com”

28.06.2014 13:09

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*