Հայերեն

Աշխարհից դուրս ընկած երկիրը Ինչպես է ձեւավորվում «օբշչակը»

18.10.2013 | 09:39

1382074643_1235Բայց թող տպավորություն չստեղծվի, թե թանկացել է միայն տեղական սննդամթերքը, մանավանդ որ «տեղական սննդամթերք» ասվածը խիստ հարաբերական է։ Օրինակ` տասնյակ ընկերություններ Հայաստանում երշիկ ու մակարոն են արտադրում, եւ դա համարվում է տեղական սննդամթերք, բայց իրականում միսն ու ալյուրը ներկրվում են, հետեւաբար` դա այնքան էլ «տեղական արտադրանք» չէ։ Ինչեւէ։

Եվ այսպես, ամբողջ աշխարհում սննդամթերքն էժանացել է, իսկ Հայաստանում` թանկացել։ Տեսականորեն սա կարող է ունենալ մի քանի պատճառ։ 1. Հայաստանն աշխարհի հետ ոչ մի կապ չունի։ Այս բացատրությունը պետք է միանգամից մերժել։ Չեք հավատում` ուշադիր նայեք գլոբուսին. Հայաստանը, ճիշտ է, հազիվ է երեւում, բայց ամեն դեպքում` գլոբուսի վրա է։ Բացի այդ էլ` Հայաստանն, ամեն դեպքում, ավելի շատ սննդամթերք է ներկրում, քան արտադրում, իսկ ներկրում է, բնականաբար, ո՛չ Լուսնից։ 2. Միջազգային շուկայում սննդամթերքն էժանացել է բոլորի համար, բացի հայերից։ Ասենք` որեւէ հայ գործարար միջազգային շուկայում ուզում է ինչ-որ բան գնել, բայց նրանք հարցնում են «հայ ե՞ս, ապե» ու միանգամից 20 տոկոսով բարձր գին ասում։ Սա, համաձայնվեք, նույնպես քիչ հավանական է։ 3. Հայ գործարարները միջազգային շուկայում լավ էլ հարմար գներով են ձեռք բերում սննդամթերքը, բայց քանի որ ներքին շուկայում մրցակցություն չկա` ինչ գին ուզում, սահմանում են։ Այս տարբերակը շատից-քչից խելքին մոտ է, բայց տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարում է, որ այդպիսի բան չկա, եթե լիներ` իրենք անպայման կզբաղվեին։ Բացի այդ էլ` սննդամթերք ներկրող մեր օլիգարխներն, ինչպես հայտնի է, մեծ մարդասերներ են եւ մեկը մյուսից հայրենասեր, այնպես որ` հազիվ թե նման բան անեն։ 4. Ներկրողները մեղք չունեն, նրանք ձգտում են հնարավորինս ազնվորեն մրցակցել եւ սննդամթերքն էժան վաճառել, բայց իշխանությունները բռնել ու բարձրացրել են սննդամթերքի ներկրման մաքսատուրքերը, ավելացրել են հարկային բեռը եւ այլն, դրա համար էլ ամեն ինչ թանկացել է։ Հնարավոր տարբերակ է, բայց անցած մեկ տարում, որքանով տեղյակ ենք, հարկային եւ մաքսային տոկոսադրույքներն առանձնապես չեն բարձրացել (համենայն դեպս` պաշտոնապես)։

Մնում է միայն մի տարբերակ։ Այն է` Հայաստանի իշխանությունները ոչ պաշտոնապես կտրուկ բարձրացրել են սննդամթերք ներկրողների եւ արտադրողների վզին դրված «նալոգը»։ Սա թերեւս ամենահավանականն է։ Ուշադրություն դարձրեք` իշխանությունները չեն էլ թաքցնում, որ այդպիսի «նալոգ» կա։ Գործարարներին ստիպում են վճարել, ասենք, պետական «տոնախմբությունների» համար, օգնել կարկուտից տուժածներին, մուծվել «Հայաստան» հիմնադրամին եւ այլն։ Բայց սա միայն երեւացող կողմն է, կան նաեւ չերեւացող կողմեր։ Օրինակ` «օբշչակին» գումարներ են պետք բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացուցչական ծախսերի կամ կազինոներում ժամանակ առ ժամանակ ստեղծվող «ֆորսմաժորային իրավիճակների» համար։ Բացի այդ էլ` արտաքին վտանգի գործոնը միշտ կա ու կա, ցանկացած պահի կարելի է հավաքել օլիգարխներին ու ասել. «տեսնում եք, չէ՞, թե ինչ ա կատարվում, Ադրբեջանը ինչ ա անում, մենք էլ բյուջեում փող չունենք, բայց զենք առնել կա, հազարումի հարց կա…»։ Եվ թող որեւէ օլիգարխ համարձակվի կանխիկ փողով չդրսեւորել իր հայրենասիրությունը։

Իսկ այդ ամենը, բնականաբար, փոխհատուցվում է սննդամթերքի թանկացման հաշվին, այսինքն` վճարում է ժողովուրդը։ Ընդ որում, որքան աղքատ է մարդը, այնքան ավելի շատ է վճարում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ աղքատ մարդը սննդամթերքի վրա ծախսում է իր վաստակի, ասենք, 80 տոկոսը, իսկ հարուստը` ընդամենը 1-2 տոկոսը։ Եվ եթե սննդամթերքը թանկանում է, հարուստը դա առանձնապես չի էլ զգում, իսկ աղքատն ավելի է աղքատանում։ Ահա եւ ստացվում է, որ նույնիսկ «օբշչակն» է ձեւավորվում բնակչության ամենաաղքատ խավերի հաշվին։

Իսկ իշխանություններին, նկատենք, այս տարբերակը միանգամայն ձեռնտու է։ Վերջին հաշվով` նրանք «օբշչակի» մի մասը նույն այդ ժողովրդի հնարավոր ընդվզումը ճնշելու մեխանիզմների կատարելագործման վրա են ծախսում։

18.10.2013 09:39

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*