Հայերեն

Արաբացած հայերի հիմնախնդրի շուրջ

27.12.2013 | 12:16

1388132142_bezymyannyyԳայանե Չոբանյան

Հոդվածըորպես զեկուցում

ներկայացվել է2013 թ.նոյեմբերի 2-4-

ը Ստամբուլումկայացած գիտաժողովում

որ նվիրված էրիսլամացված հայերին

 Այն կհրատարակվիգիտաժողովի նյութերիժողովածուում:

 

Գիտական և հասարակական շրջանակներում վերջին ժամանակներս արդիական դարձած իսլամացված հայերի թեմայի շուրջ խոսելիս անդրադարձ է կատարվում հիմնականում քրդացած և թուրքացած հայերի խնդիրներին, սակայն պետք չէ անտեսել հազարավոր արաբացած հայերի գոյության փաստը:

 

Թեև նրանց վերաբերյալ պահպանված գրավոր տեղեկություններն անհամեմատ ավելի քիչ են և ամբողջովին լուսաբանված չեն, սակայն ներկայում Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, արաբական այլ երկրներում, ինչպես նաև Թուրքիայում բնակվող արաբացած հայերի սերունդներն այդ անհերքելի փաստի կենդանի վկաներն են: Սույն հոդվածում փորձել ենք ներկայացնել արաբացած հայերի ընդհանուր պատկերը, վեր հանել տարբեր շերտավորումների միջև առկա առանձնահատկությունները, ազգային ինքնագիտակցության բազմապիսի ընկալումները: Վերոնշյալ թեմայի վերաբերյալ ուսումնասիրությունները հիմնված են որոշ գրավոր աղբյուրների, ցեղասպանությունը վերապրածների հարազատների հիշողությունների և դաշտային-հետազոտական աշխատանքների հիման վրա: Խնդրի ուսումնասիրության հրատապությունը նախ և առաջ կայանում է նրանում, որ սերնդափոխության արդյունքում ականատեսների, վերապրածների, նրանց սերունդների հաղորդած արժեքավոր տեղեկությունները կարող են մոռացվել և անհայտ կորչել անհատական ողբերգությունների սահմաններում:

 

Ինչպես հայտնի է, Իսլամը թուրքական պետության ձևավորման ակունքներում ունի հիմնասյունային նշանակություն: Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ ներխուժած իսլամադավան թյուրքական ցեղերը նվաճված քրիստոնյա բնիկ ժողովուրդներին (հայեր, հույներ, վրացիներ, լազեր, ասորիներ և այլն) իրենց ենթարկելու և ձուլելու համար առաջին հերթին օգտագործում էին իսլամացման քաղաքականությունը, ինչը պայմանավորված էր էթնիկ ինքնագիտակցության նկատմամբ կրոնական պատկանելության գերակայությամբ: Կրոնափոխության համար կիրառվել են բազմապիսի մեթոդներ` հարկային, իրավական և սոցիալական դաժան ճնշումներ, մահվան սպառնալիքի տակ բռնի իսլամացում, մշակվել են իսլամացման հատուկ համակարգեր` փենջիքի համակարգը, որը հետագայում փոխարինվեց դևշիրմեի ինստիտուտով (մանկահավաք), ենիչերիական համակարգը, ֆութուվաթի համակարգը և այլն: Հայերն էլ, լինելով Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հիմնական ազգերից մեկը, պարբերաբար ենթարկվել են բռնի կրոնափոխության, որը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր ծավալներ: Սակայն Օսմանյան կայսրությունում հայերի ձուլմանն ուղղված իսլամացման քաղաքականությունը լայն թափ է ստացել հատկապես 19-րդ դարի համիդյան կոտորածների և 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության տարիներին: Կոտորածից և աքսորից փրկվելու համար հայերի որոշ զանգվածներ պարտադրված ընդունել են իսլամ, որոնց մի մասը կորցրել է ազգային դիմագիծը և ձուլվել թուրքերի, քրդերի, արաբների հետ, մյուս փոքրաքանակ մասն էլ բարենպաստ իրադրության պայմաններում վերադարձել է իր արամատներին կամ էլ շարունակել է առերես դավանել իսլամ` ծպտյալ հավատարիմ մնալով հայկական ինքնությանը:

 

Եթե հայերի թուրքացումը կամ քրդացումը ենթադրնում է պարտադիր իսլամացում, ապա հայերի արաբացման գործընթացում որքան էլ մեծ է եղել իսլամացման դերը, սակայն այն միակ գործոնը չի հանդիսացել. դրա վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև լեզվամշակութայինձուլումը: Քրիստոնեական համայնքներ ունեցող արաբական երկրներում բնակվում են արաբացած հայերի որոշ խմբեր, որոնք, արաբական միջավայրում կորցնելով ազգային դիմագիծը, այնուամենայնիվ մնացել են քրիստոնյա: Ինչպես արդարացիորեն նշում է պատմաբան Գևորգ Յազըճյանը` «Հայկական մայր զանգվածից դավանանքային օտարումը լայն դուռ է բացում լեզվական և առհասարակ ազգային օտարման առջև: Բայց Սիրիա-Լիբանանում նկատելի է մյուս երևույթը. լեզվական օտարումն է առավել արագացնում դավանանքային-ազգային օտարումը[2]:

 

Օրինակ` Լիբանանի արաբացած հայերը հիմնականում քրիստոնյա են, իսլամ ընդունածները աննշան քանակ են կազմում, որոնց հայկական ինքնագիտակցությունը գրեթե զրոյական մակարդակ ունի: Նրանց հետքերի մասին են վկայում Լիբանանի մամուլում երբեմն պատահած` հայությունը հուշող ազգանուններով մուսուլմանների անունները` ալ-Արմանի, Արմենազի և այլն: Մեկ այլ օրինակ է Սիրիայի Լաթաքիա քաղաքի արաբացած հայությունը, որի մոտ գերիշխող է քրիստոնեական ինքնագիտակցությունը, և նրանց միջավայրում ընդունվում են քրիստոնյա արաբների հետ խառնամուսնությունները, ինչը, բնականաբար, հանգեցնելու է վերջնական ուծացման: Վերոնշյալի վառ ապացույց է նաև այնպիսի ազգագրական ուրույն ենթախմբերի առկայությունը, ինչպիսիք են, օրինակ, Սիրիայի հյուսիս-արևմուտքում բնակվող հայկական ծագումով արաբախոս 4 հավաքականությունների գոյակցումը, որոնք ունեն կրոնական և դավանաբանական տարբեր պատկանելություններ, հետևաբար և` տարբեր ազգային ինքնագիտակցության դրսևորումներ և ծագումնաբանական հիշողության տարբեր աստիճաններ: Առաջին անգամ այս խմբերը դասակարգել և բազմակողմանի ուսումնասիրել է ազգագրագետ Հակոբ Չոլաքյանը: Որպեսզի պատկերը լինի ավելի ցայտուն, ստորև ներկայացնենք այդ խմբերը.

 

1. Արաբացած և իլամացած հայերի հոծ զանգված, որոը ամբողջովին կորցել է հայկական ծագման ինքնագիտակցությունը, բայց իր արաբերեն խոսվածքում պահպանվել է հայերեն մի քանի բառեր, որոշ տեղանուններ և մի շարք սովորույթների մնացորդներ:

 

2. Արաբացած (արաբախոս), բայց Հույն ուղղափառ կամ Հույն կաթողիկե եկեղեցու հտևորդներ, որոնց մոտ իրենց ծագման մասին պահպանվել են թույլ հիշողություններ:

 

3. Արաբացած լատինադավաններ, որոնց մոտ ավելի ուժեղ է հայկական արմատների գիտակցությունը:

 

4. Արաբախոս, սակայն դեռ հայկական ինքնությունը պահպանած Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ:

 

Ժամանակագրական առումով արաբացած հայերին կարելի է բաժանել 2 խմբի: Առաջին խմբի մեջ են մտնում այն հայերը, որոնք դարեր առաջ, հատկապես Կիլիկիայի անկումից հետո Սասունից, Ուրֆայից, Մարդինից, Այնթափից, Քիլիսեից, Մարաշից, Զեյթունից և այլ շրջաններից գաղթել են ու բնակություն հաստատել արաբական երկրներում: Կտրվելով մայրենի արմատներից և հայտնվելով էթնոմշակութային, դավանաբանական ու լեզվական օտար միջավայրում՝ նրանք ժամանակի ընթացքում կորցրել են կապը հայկական արմատների հետ և արաբացել: Արաբացած հայերի այս հատվածը կոչվել է «ալ արման ալ քուդամա», այսինքն` «հին հայեր»: Այս խմբից առանձնանում է Բակկարա (Բագգարա) կոչվող ցեղախումբը (Այաշեր ցեղախումբ), որի անդամներն իրենց համարում են զտարյուն հայեր` սերած Բագրատունյաց թագավորական տոհմից: Բակկարաների մոտ սերնդեսերունդ փոխանցված բանավոր տեղեկության համաձայն` իրենք արաբական երկրներ են գաղթել Բագրատունյաց թագավորության անկումից հետո և համարվում են «մաքուր հայկազյան», քանզի ցեղախմբից դուրս ամուսնական կապեր չեն հաստատում և ապրում են տոհմական սովորություններով: Բակկարաների քանակը Սիրիայում մոտ 100.000 է, որոնք հիմնականում ապրում են Ջեբել Աբդուլ Ազիզի, Հասիքեի Մուհաֆազանի, Ջեզիրեի շրջաններում, ցեղակիցներ ունեն Թել Աբիդ, Ջըսըր Շուղուր, Դեր ալ Զոր, Հալեպ քաղաքներում, տարածված են նաև Իրաքում (հիմնականում բնակվում են Օրին Շարում` մոտ 20.000), Լիբանանում, Եգիպտոսում: Թրքախոս բակկարաներ կան նաև Թուրքիայում` Ուրֆայի, Դիարբեքիրի շրջաններում, որոնց թվաքանակը, ըստ բակկարա ցեղախմբի շեյխ Աբդուլքերիմ Իսա Սուլեյմանի, հասնում է մոտ 90.000-ի: Տարագրության օրերին շատ հայեր փրկվեցին այս ցեղախմբի կողմից. որոշները որդեգրվեցին, որոշ մասն էլ հետագայում ետ վերադարձրվեց կենդանի մնացած իրենց հարազատներին:

 

Երկրորդ խմբին է պատկանում արաբացած հայերի այն հոծ զանգվածը, որը «ինքնակամ» կամ բռնի արաբացել է ցեղասպանությանհետևանքով: Քանի որ Օսմանյան կայսրության` հետևողականորեն ծրագրավորված ցեղասպանության քաղաքականությունը սկսվել է հայ տղամարդկանց զանգվաային ոչնչացմամբ, վերոնշյալ խումբը հիմնականում կազմում են կանայք և երեխաները: Տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ մահացան աքսորի տաժանակիր ճանապարհին, շատերն էլ առևանգվեցին օսմանցի ժանդարմների, քրդական ավազակախմբերի կամ տեղացի բեդվինների կողմից: Արաբական բնակավայրերը, ինչպես Դեր Զորը, Ռաս ուլ-Այնը, Հալեպը, Մեսքենեն, Բակուբան, Նահր ալ-Ումարը, դարձան հայ գաղթականների քարավանների անմարդկային տառապանքի ուղենիշները:

 

Իսկ արաբական անապատներում հրաշքով կենդանի մնացած հայ որբ երեխաները Ջեմալ փաշայի հրահանգով հավաքվում և ուղարկվում էին Լիբանանում բացված հատուկ որբանոց, որտեղ պետական անմիջական հսկողությամբ իսլամացվում և թուրքացվում էին[5] : Եղել են դեպքեր, երբ արաբ պաշտոնյաները, ստանալով օսմանյան կառավարության հրամանը` ոչնչացնել իրենց տարածքով անցնող հայ գաղթականներին, հրաժարվել ենենթարկվել:

 

Փաստը, որ ցեղասպանության տարիներին արաբական որոշ ցեղերի մոտ եղել են որբ հայ երեխաներ, ապացուցում են մի շարք աղբյուրներ, այդ թվում և` Պոլսո Հայոց պատրիարքարանի 1921թ. կազմած մի տեղեկանք, որտեղ նշված է, թե արաբական որ ցեղերի մոտ ինչքան հայ որբեր են գտնվում։ Ըստ այդ ցուցակի` Դեր Զորի շրջանի զիբար, էգաբար և վարաքորա ցեղերի մոտ գտնվել են առնվազն 500 հայ որբ երեխաներ, ժիբոուր (ջիբուր) ցեղի մոտ` 600, շամոր (շեմմար) ցեղի մոտ` 700, անեզաի (անեզա) ցեղի մոտ` 2000 և այլն:

 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բազմաթիվ հայկական կազմակերպություններ և օտարազգի միսիոներներ օգնեցին կանանց և երեխաներին` ազատվելու իրենց առևանգողներից և վերադառնալ հայկական միջավայր: Այդ գործում հատկապես աչքի ընկավ ազգանվեր գործիչ Ռուբեն Հերյանը, ով, անտեսելով իրական վտանգը և բազմաթիվ դժվարություններ, կաշառելով արաբ շեյխերին, ծպտվելով անգլիական պաշտոնյայի կամ ամերիկյան միսիոների հագուստներով, Դեր Զորի անապատներից և թուրքական հարեմներից կարողացավ փրկել հարյուրավոր հայ որբերի:

Հիշատակության է արժանի նաև դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեն, ով, համագործակցելով արաբական աշիրեթների առաջնորդների հետ, մինչև 1928 թ. կարողացավ փրկել 2000 հայ կին և երեխա:

 

Պատմաբան Սալիմ Ջյոհջեն, հաստատելով իսլամացած հայերի վերաբերյալ Հալաջօղլուի բերված փաստարկները, «Աքսիոն» հանդեսին տված իր հարցազրույցում անդրադարձել է նաև արաբացած հայերի թեմային. «Քողարկված հայերի թեմայով տարիներ շարունակ աշխատանքներ ենք կատարել, որոնց մասին մինչ այս նշել էի: Այս ամենը մենք չենք հորինել: Նրանց մասին իրենց զեկուցագրերում հիշատակել են իրադարձությունների ժամանակակից ամերիկյան ներկայացուցիչները: Էրզրումում քրդերը թաքցրել են 500 հազար հայի, նույնը կատարվել է Թունջելիում, որտեղ 50 հազար հայ ապավինել էր ալավիներին: Վերջիններս ալավի-քրդեր են: Այդպիսի դեպքեր եղել են նաև Վարդոյում, Խնուսում և բազմաթիվ այլ վայրերում… Սղերթում, Հաթայում, Ուրֆայում, Մարդինում և համանման բնակավայրերում ապրողները քողարկվել են արաբի ինքնությամբ: Նրանք ներկայում արաբերեն են խոսում և ուրիշներին որպես արաբ են ներկայանում»,-հայտարարել է նա։ Նույն «Աքսիոն» հանդեսում հրատարակվել են ներկայում Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի բնակության վայրերի, թվաքանակի մասին տվյալներ, ինչպես նաև նշվում է, թե նրանք պաշտոնապես որ ազգի կամ կրոնական համայնքի ներկայացուցիչներ են համարվում։ Ըստ այդ տվայլների` արաբացած հայերը հիմնականում բնակվում են Շանլըուրֆայի, Սղերթի, Հաթայի (Ալեքսանդրեթ), Մարդինի, Ադանայի շրջաններում: Ակնհայտ է, որ ծպտյալ և իսլամացած հայերի մասին տեղեկությունները միշտ էլ եղել են թուրքական պետական տարբեր օղակների, վերլուծական, հետազոտական հաստատությունների ուշադրության կենտրոնում:

 

Արաբացած հայեր կան ոչ միայն նշված վայրերում, այլև Սասունի, Մուշի գյուղերում: Տեղի բնակիչները շատ լավ են ճանաչում միմյանց, և գրեթե բոլորը գիտեն արաբախոս հայերի իրական էթնիկ պատկանելության մասին:  Ի տարբերություն Թուրքիայում բնակվող արաբացած հայերի` Սիրիայի, Լիբանանի, Իրաքի արաբացած-իսլամացած հայերի կողմից որոշ փորձեր են կատարվել արաբական երկրներում առկա քրիստոնյա հայ համայնքի հետ կապեր հաստատելու ուղղությամբ, սակայն այդ փորձերը մինչ օրս միանշանակ չեն ընկալվել հայկական միջավայրում, և այս հարցը դեռ չի ստացել իր վերջնական լուծումը: Մինչ այժմ հայ ինքնագիտակցության որոշ տարրեր պահպանած արաբացած հայերի կապը հայության հետ զգացական է, բայց և այնպես այն զորավոր է, և հաշվի առնելով որոշ օբյեկտիվ վտանգներ ու սպառնալիքներ` չպետք է անտեսվի։Ընդհանուր գծերով ները ներկայացված պատկերը հնարավորություն է տալիս փաստելու, որ «արաբացած հայեր» ընդհանրական մեկ տերմինով բնորոշվող այս խումբը (identity group) իրականում իր մեջ պարունակում է տարբեր, երբեմն էլ միմյանց հակասական ենթաշերտեր: Հետագայում` թեմայի բազմակողմանի ուսումնասիրության պարագայում, օբյեկտիվության նկատառումներից ելնելով, արաբացած հայերի յուրաքանչյուր ենթաշերտի խնդիրները պետք է ուսումնասիրել առանձնաբար` հաշվի առնելով նաև արտաքին միջավայրի և գործոնների ազդեցությունը:

 

27.12.2013 12:16

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*