Հայերեն

«Ես գիտեմ՝ այդ հրամանը տվել է Սերժ Սարգսյանը Քոչարյանի հետ, կամ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ, որևէ տարբերություն չկա»

20.05.2014 | 13:20

1400577451_10363487_504564852978691_587301999_nՄարտի մեկի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, մոտ մեկ տարի է որդու և դստեր հետ հեռացել է Հայաստանից և քաղաքական ապաստան ստացել Բելգիայում: Ներկայացնում ենք մեր զրույցը Ալլա Հովհաննիսյանի հետ:

Տիկին Ալլա, մարտի մեկից վեց տարի է անցել: ՀԱԿ-ի՝ մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը ԱԺ օրակարգում է: Ընդհանրապես հույս ունե՞ք, որ այն ստեղծվելու դեպքում կկարողանա արդարացի քննել մարտի մեկի հարցը:

Ես անընդհատ հետևում եմ իրադարձություններին, լսեցի Ջհանգիրյանին, ով նախաձեռնել է հանձնաժողով ստեղծելու գործընթացը, լսեցի նաև մյուս պատգամավորներին՝ թե՛ ՀՀԿ-ից և թե՛ ընդդիմությունից, բայց ես ընդհանրապես հույս չունեմ, որ հանձաժողովը կարող է սպանությունների բացահայտում կատարել: Ասել եմ ու կասեմ, որ միայն իշխանափոխության դեպքում կարող են իրական մարդասպանները պատժվել, բայց նաև չեմ գտնում, որ չպետք է այդ հարցն առաջ քաշենք և սպասենք իշխանափոխությունից հետո: Այդ հարցը դրվել է ԱԺ-ում, անընդհատ քննարկվում է և հարցը չի «քնում»: Ճիշտ է, հանձնաժողովը չի կարողանալու կոնկրետ մեզ հուզող հարցերի պատասխանը տալ, բայց համոզված եմ՝ ինչ-որ բան հաստատ կանի, դրական տեղաշարժ կլինի, բայց դա չի լինելու այն, ինչ ես եմ ուզում, դա ինձ չի բավարարելու: Այնտեղ  հարց առաջ քաշվեց, որ ավելի լավ է եկեք մարտի մեկի զոհերի ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցույց տանք: Ոչ, ֆինանսական աջակցությունը մի կողմ, բայց ծնողին հետաքրքիր է, թե ինչու վեց տարվա մեջ այդքան դժվար սպանություններ բացահայտվեցին, բայց մարտի մեկի զոհերի սպանությունները մինչև հիմա բացահայտված չեն: Հանձնաժողովը մեր հարցերի մի մասը երևի թե կբավարարի:

Ի՞նչ հարցեր են Ձեզ հուզում, հրաման ո՞վ տվեց,  ո՞վ կրակեց…

Ինձ համար առաջնային խնդիր է ոչ միայն այն, թե ով է որդուս կրակել, այլ կարևոր է իմանալ, թե ով է այդ դավաճանական հրամանը տվել: Ես գիտեմ՝ այդ հրամանը տվել է Սերժ Սարգսյանը Քոչարյանի հետ, կամ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ, որևէ տարբերություն չկա, և ինձ պետք է հենց իրենք նախևառաջ պատասխանատվության ենթարկվեն: Բանակը, որ ներգրավված էր, ո՞վ հրաման տվեց նրան կրակել, վերջում պատասխանատվություն պետք է կրի կրակողը: Կրակողը, երեխայիս սպանելով, կատարել է առաջադրանք, իսկ առաջադրանքը ո՞վ է տվել, տվել է իր աթոռի համար և ով այսօր դարձել է ՀՀ առաջին օլիգարխ:

2008-ից ամենամեծ կորստից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

2008-ից հետո ինձ համար ժամանակը կանգ է առել, իմ կյանքում շատ բացասական փոփոխություններ տեղի ունեցան: Ես անընդհատ մտածում եմ, որ Տիգրանս ողջ լիներ, այս բանը էսպես կլիներ, այս հարցը այսպես կլիներ…

Դուք հեռացել եք Հայաստանից, ո՞ր դեպքում կվերադառնաք:

Երբ Ազատության հրապարակում ռեալ պայքար տեսնեմ, անպայման կվերադառնամ, ոչ թե կսպասեմ, որ փոփոխությունը լինի, նոր գամ, այլ երբ ռեալ պայքարը տեսնեմ, զգամ, որ պայքարը սկսվել է, որ կարող եմ ինչ-որ ձևով մասնակցություն ունենալ, մի բան անել, ես անպայման կվերադառնամ:

Այսօր  բազմաթիվ բողոքի ցույցեր և հանրահավաքներ կան…

Ամուսինս երկու հանրահավաքին էլ մասնակցելու է:

Տիկին Ալլա, ինչո՞վ եք զբաղվում Բելգիայում:

Հիմա դպրոց եմ գնում, ուսումնասիրում եմ ֆրանսերենը, և անընդհատ հետևում եմ Հայաստանում ծավալվող իրադարձություններին, ոչ մի ուրիշ բանով չեմ զբաղվում: Տղաս աշխատում է, աղջիկս դպրոց հաճախում:

Մեր ապագան Հայաստանում ենք պատկերացնում: Այնքան եմ հետևում իրադարձություններին, որ մոռանում եմ՝ Հայաստանում չեմ, և երբ զանգում եմ մեկի հետ խոսում, ասում եմ մեզ մոտ՝ նկատի ունենալով Հայաստանը, և երբեք մեզ մոտ ասելով նկատի չունեմ Բելգիան:

2008-ին, ըստ Ձեզ, ինչո՞ւ պայքարը չավարտվեց հաղթանակով, Մայդանի հետ զուգահեռներ անցկացրե՞լ ե ք:

Շատ եմ մտածել այս հարցի շուրջ, բայց եկեք ասենք, որ Մայդանում միայն հանրությունը չէր, ամբողջ Եվրոպան կանգնել էր Մայդանի թիկունքին, և եթե մարդկանց թվով համեմատենք, մեզ մոտ ավելի շատ մարդ էր հավաքվում, չնայած մեր բնակչության թվի անհամեմատելի տարբերությանը: Այդ ժամանակ արտաքին աշխարհը չէր ուզում Հայաստանում փոփոխություններ լինեն, և դա ակնհայտ էր: Չմոռանանք, որ մեզ մոտ մարտի մեկին բանակն էր ներգրավված, ինչը չկար Մայդանում, ցուցարարները պատրաստված էին Մայդանում և կարողանում էին Բերկուտին պատասխան տալ, Հայաստանում միայն փայտեր կային, և ուժի կիրառումը շատ անհամաչափ էր: Ես չեմ կարող ասել, որ մեր ժողովուրդը թուլակամ էր, դրա համար հաղթանակ չտարավ, ոչ, պարզապես օբյեկտիվ պատճառները շատ ավելի շատ էին, որ Հայաստանի ժողովուրդը  պարտություն կրեց:

Մայդանի հնարավոր տարբերակի կրկնություն Հայաստանում հնարավոր համարո՞ւմ եք:

Մեր ժողովուրդը 2008-ից հետո շատ արտագաղթեց, ես մի քիչ կասկածում եմ: Թեև ես մեծ հույս ունեմ, որ պետք է փոփոխություն սկսվի:

Օրերս, երբ մեկ րոպե լռությամբ ԱԺ-ում հարգում էին զոհերի հիշատակը, Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ նիստերի դահլիճից: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս քայլը:

Նիկոլի քայլն ինձ համար լիովին հասկանալի էր, քանի որ մարտի մեկը նա իր կաշվի վրա է զգացել, այնտեղ է եղել և որևէ մեկը Նիկոլի նման  չէր կարող զգալ այն, ինչ է կատարվել մարտի մեկին: Նիկոլը բոլորից լավ գիտի, որ ԱԺ-ի կեսից ավելին ինչ դիրքորոշում են ունեցել, ինչ վատ են ներկայացել մարտի մեկին, և իհարկե քծնանքը և ձևականությունը այնքան մեծ էր, որ նա չկարողացավ հանդուրժել:

Ըստ Ձեզ՝ ովքե՞ր պետք է պատասախանատվություն կրեն մարտի մեկի համար:

Ռոբերտ Քոչարյանը, Հայկ Հարությունյանը, Սերժ Սարգսյանը և Աղվան Հովսեփյանը: Այս չորսը 100 տոկոսով պետք է պատասխան տան՝ առանց  դատավարությանը սպասելու, նրանք այն մարդիկ են, որոնց վրա է ընկնում առյուծի մեծ բաժինը:

“KarabakhİNFO.com”

20.05.2014 13:20

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*