Հայերեն

Երկիրը գրավ դնելու լիազորագիրը

01.09.2012 | 12:59

1346486275_mark_07_13_2012Երկիրը գրավ դնելու լիազորագիրը Ռուսաստանյան լրատվամիջոցներն արդեն բացահայտորեն ծաղրում են Հայաստանի իշխանություններին` գրելով, թե Հայաստանը բարձր տոկոսներով վարկ է աղերսում Ռուսաստանից, որպեսզի գազի դիմաց վճարի այդ նույն Ռուսաստանին։ Մեր իշխանություններն էլ առարկում են, թե «այդպիսի բան չկա, մենք վարկեր ենք վերցնում, որպեսզի կոնկրետ ծրագրերով եւ ուղղություններով զարգացնենք տնտեսությունը»։ Սուտ են ասում իհարկե։ Հայաստանում տնտեսության որեւէ ճյուղ զարգացնել պարզապես հնարավոր չէ։ Ծանր արդյունաբերություն չենք կարող զարգացնել, որովհետեւ մետալուրգիական գործարաններ չունենք, թեթեւ արդյունաբերություն չենք կարող զարգացնել, որովհետեւ համապատասխան ձեռնարկություններ չունենք, գյուղատնտեսություն չենք կարող զարգացնել, որովհետեւ գյուղերը դատարկվում են, «բարձր տեխնոլոգիաներ» չենք կարող զարգացնել, որովհետեւ Հայաստանում արտադրվող ամենաբարդ սարքավորումը տաքսու հաշվիչն է, այն էլ` երկու անգամ ավելի թանկ արժե, քան չինական համակարգիչը եւ այլն։ Հայաստանը կարող է «զարգացնել» միայն հանքարդյունաբերությունը, բայց դրա համար վարկեր պետք չեն։ Արտասահմանյան ինչ-որ ընկերություն գալիս է, չնչին գումարներով գնում հանքը, իշխանությունների բաժին «վերխը» տալիս ու սկսում թալանել ընդերքը, էլ ի՞նչ վարկերի մասին է խոսքը։ Հարց է ծագում` բա էլ ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը ոտուձեռ ընկել։ Պատասխանը շատ պարզ է. որովհետեւ մինչեւ հիմա վերցրածը լափել են, բացարձակապես որեւէ բան չեն զարգացրել, իսկ հիմա եկել է տոկոսները վճարելու «փիս վախտը»։ Այս տարի արդեն Հայաստանն արտաքին պարտքի մարման համար պիտի հատկացնի մոտ 450 միլիոն դոլար։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը` նշենք, որ դա ավելի շատ է, քան Հայաստանի պաշտպանության նախարարության (բանակի) բյուջեն։ Հիմա Հայաստանը փաստորեն «վիզ դրած» նոր վարկեր է վերցնում` հին պարտքերը մարելու համար։ Ծանոթ երեւույթ է, չէ՞։ Հայաստանում տասնյակ հազարավոր ընտանիքներ նույն վիճակում են. մի բանկից վարկ են վերցնում, որպեսզի մյուսի տոկոսները փակեն։ Որպես կանոն, այդ պատմություններն ավարտվում են նրանով, որ բանկը «տունը ձեռներից առնում է»։ Պետությունների դեպքում փոքր-ինչ այլ է. երկիրը հայտարարվում է սնանկ, եւ իրականացվում է արտաքին կառավարում։ Ներկայումս Հայաստանն անշեղորեն մոտենում է հենց այդ հանգուցալուծմանը, եւ որեւէ մեկը չի էլ փորձում թաքցնել դա. ընդամենը ժամկետներն են քննարկում։ Կառավարությունն, օրինակ, ասում է, որ «արտաքին պարտքի ծավալը դեռեւս վտանգավոր սահմանագծին չի հասել»։ Այսինքն` մոտենում է, բայց դեռ չի հասել։ Այ, հենց որ Ռուսաստանից մեկ միլիարդ դոլար «կպցնելու» գործը գլուխ գա, կհասնենք։ Բայց Սերժ Սարգսյանին դա առանձնապես չի հետաքրքրում։ Նա Հայաստանի համար պատասխանատու է առավելագույնը եւս հինգ տարի, իսկ լափված վարկերը վճարելու են մեր սերունդները։ Դրա համար էլ թքած ունի, թե որտեղից կամ ինչ տոկոսներով կվերցվեն այդ վարկերը։ Կառավարությունն, ի դեպ, բացահայտորեն հենց այդպես էլ ասում է. «պարտքի ներգրավման տեսանկյունից հարկ չկա առանձնացնելու այս կամ այն երկիրը կամ կառույցը, հարկ է քննարկել դրա ընդհանուր չափը»։ Հետաքրքիր է` եթե Ադրբեջանը վարկ առաջարկի, կվերցնե՞ն։ Երեւի կվերցնեն, բայց կխնդրեն «չերեզով ձեւակերպել»։ Ի դեպ, երբ բանկը որեւէ անհատի վարկ է տրամադրում եւ որպես գրավ ընդունում նրա բնակարանը, անպայման նախապես ճշտում է` այդ բնակարանը համատեղ սեփականությո՞ւն է, թե ոչ։ Եթե այո` պահանջում է նաեւ ընտանիքի մյուս անդամների գրավոր համաձայնությունը, հակառակ դեպքում վարկը չի տրամադրում։ Հայաստանը, միջազգային բոլոր օրենքներով եւ նորմերով, ժողովրդի եւ իշխանությունների «համատեղ սեփականությունն է»։ Հարց է ծագում` ո՞վ է Սերժ Սարգսյանին իրավունք տվել առանց «համասեփականատիրոջ» համաձայնության վարկ վերցնել ու գրավ դնել երկիրը։ Միայն թե չասեք` նա այդ իրավունքը ձեռք է բերել ընտրություններում հաղթելով։ Բոլորն էլ գիտեն, թե ինչպես է նա նախագահ «ընտրվել», այդ թվում` վարկ տվողները։ Հետեւաբար` գիտեն նաեւ, որ նա պետության անունից վարկեր աղերսելու ոչ մի լիազորություն չունի։

01.09.2012 12:59

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*