Հայերեն

Ի՞նչ անեմ, ու՞մ դիմեմ, ո՞վ ա ինձ հաշվի առնում

27.05.2014 | 12:26

1401185663_10384940_507817942653382_262281131_nՍարգսյանների ընտանիքի երազանքը օրվա հացն ապահովելն էՍարգսյանների բազմազավակ ընտանիքն ապրում է Լոռու մարզի Քարինջ համայնքում: Ընտանիքը բաղկացած է 9 անձից, որոնցից 5-ն անչափահաս երեխաներ են: Փոքրը 3 տարեկան է, մեծը`11: Ապրում են 2 սենյականոց կառույցում, որը դժվար է տուն անվանել, քանի որ կիսաքանդ պատերի ներսում ապրելու հարմարություններ գրեթե չկան: Պատերի ոչ բարվոք վիճակը ծածկելու նպատակով տան մեծահասակները կտորներ ու գորգեր են փակցրել, իսկ առաջացած անցքերի մեջ` թղթեր տեղադրել:

 

 

Ընտանիքի չափահաս անձանցից Վարդուշ Սարգսյանը պատմում է, որ այդ անցքերով ինչ միջատ ասես տուն է սողոսկում. «Ես ինչ մեղքի տեր եմ`էս անցքերից սաղ հողը ըրեխի ծոցերն ա դառնում, օձերն ու գորտերն են ման գալի, ինչ անեմ, դե ինչ անեմ… Ոչ մի բան չունենք, դաժե կրավաթ էլ չունեմ, որ վրին քնեմ: Ի՞նչ անեմ, ու՞մ դիմեմ, ո՞վ ա ինձ հաշվի առնում: Հմիկվա բազմազավակը աղբահարի տրյապկա ա դառել, օգնություն ա գալի` կա ոչ, փող ա գալի` կա ոչ: Ինչո՞վ են օգնում` ոչ մի բանով»:

1401185791_10385177_507817945986715_1476439381_nՏան պայմանները բարելավելու ցանկությունն ամենավերջին պլան է մղվել երեխաների օրվա հացն ապահովելու անհրաժեշտության պատճառով: Սարգսյանների ընտանիքի չափահաս անձանցից և ոչ մեկն աշխատանք չունի: Մեր այցելության պահին Վարդուշ Սարգսյանի ամուսինը անասուններին հանդ էր տարել: Հարսն առողջական խնդիրներով գնացել էր Վանաձոր, տղան` սոցիալական նպաստի հետ կապված մի քանի հարցեր կարգավորելու նպատակով՝ Ալավերդի:

Վարդուշ Սարգսյանը նշում է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ամսական տրվող սոցիալական նպաստը չեն ստացել. «Նպաստը չեն տալի էս 5 ամիս ա, երեխանցը մթամ երկու կոպեկ նպաստ առնեինք` կտրել են: Ասենք դժվար ա, ի՞նչ կարանք անենք: Օդից կարա՞նք կախվենք: Իրոք, շատ դժվար ա, ոչ հագնել կա, ոչ ուտել կա, ոչ խմիլ կա: Մի ազիզ բան եմ ուզում` առևտուրը գալիս ա անց կենում, ոչ էլ կարում եմ առնեմ: Ինչո՞վ ապրեմ: Մենակ մեզ համար թե մի քանի անասուն ենք պահում` էդ ա: 5 կով ունեինք, մեկը սատկեց, մեկն էլ ծախեցինք սովածության պատճառով: Հիմա 15 ոչխար, 15 հավ ենք պահում: Մի շան հալի պանիրն անում ենք` փոխանակում, կոֆեն ու պեսոկն առնում: Աշխատանք ոչ մի ձևի չկա: Մենակ ես 35 հազար, ամուսինս էլ` 32 հազար դրամ թոշակ ենք առնում, էդ էլ մեր բերանիցը կտրում ենք` երեխեքին անում»:
Քարինջ համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներ քիչ կան: Համայնքի ղեկավար Նորիկ Մկրտումյանն ասում է, որ այդ ընտանիքներին աջակցելու հարցը հաճախ է քննարկվում համայնքի ավագանու նիստերի ժամանակ. «Անապահով ընտանիքներին պարբերաբար օգնություն ենք ցուցաբերում, հենց որ հնարավորություն է լինում`հիմնականում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով»: Նրա վկայությամբ` Սարգսյանների ընտանիքն էլ օգնություն ստացածների թվում է:

 

1401185782_10379214_507817845986725_742520333_nՍոցիալական ապահովության Թումանյանի տարածքային բաժնի պետ Արմեն Գևորգյանը, սակայն, հերքեց Վարդուշ Սարգսյանի խոսքերը: Արմեն Գևորգյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ 1999թ. մինչ օրս Սարգսյանների ընտանիքն ընդգրկված է սոցիալական նպաստի համակարգում և ստանում է ամսական 48500 դրամ: Տան պայմանները, սակայն, վկայում են, որ անգամ այդ գումարի առկայության դեպքում Սարգսյանների ընտանիքի սոցիալական վիճակը չի փոխվում:
75-ամյա կնոջ բոլոր հույսերն ու երազանքներն արդեն թոռների հետ են կապված: «Շատ երազանքներ ունեմ, բայց իմ երազանքն ո՞վ ինձ կտա: Ուզում եմ լավ ապրեն, լավ տուն ունենան, ուսում առնեն, սիրուն բալիկներ դառնան, ավտո, էլած-չէլած, տուն ու վեշ ունենան, ջեբներումը 2 կոպեկ ունենան, հացի տան, ապրեն»:
Տատի անունը կրող դպրոցահասակ թոռնուհին երազանք չունի, դեռ չի որոշել, թե ապագայում ինչ է դառնալու, իսկ ահա նրա քույրիկն ուզում է բժշկուհի դառնալ, որ մարդկանց բուժի:

 

Իսկ 6-ամյա Վանիկի միակ երազանքն իր հարևան Հայկի «Վիլիս» մեքենան առնելն է:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

27.05.2014 12:26

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*