Հայերեն

Խաչատուր Քոքոբելյան . «Հայ և Ռուսական հարաբերությունները և ԵՏՄ տանող ճանապարհը վեր է ածվել ֆարսի»

28.07.2014 | 08:34

kokobelyan«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պատահական չի համարում ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու գովեստի խոսքերը՝ ուղղված Ադրբեջանին և նրա ղեկավարությանը, որը, ի դեպ 180 աստիճանով տարբերվում է իր նախորդ հայտարարություններից։ Քոքոբելյանը հուշում է՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանի հետ զենքի բացահայտ առևտրից հետո չեզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունները և ԵՏՄ տանող ճանապարհը վեր է ածվել ֆարսի՝ ուղղակի անհեթեթություն է։ Իսկ այլընտրանքի հնարավորություն ըստ նրա՝ ՀՀ-ն ունի, որը որպես լրջագույն լծակ միշտ անտեսվում է։ Այս մասին հայտնում է KarabakhINFO.com –ը վկայակոչելով Tert.am,-ին:

-Պարո՛ն Քոքոբելյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջանին սիրաշահելու քաղաքականություն է վարում, և դա պայմանավորում են ՌԴ-ի՝ Ադրբեջանին ևս ԵՏՄ ներքաշելու փորձով։ Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի մասին գովեստի խոսքեր ասելու՝ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը՝ հաշվի առնելով այն, նախկինում նա 180 աստիճան տարբերվող տեսակետներ է արտահայտել։

 

 

– Բազմիցս նշել ենք, որ Ռուսաստանը զենքի առևտուր է անում Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ չէ և որի սպառազինությունն ակնհայտորեն ուղղված է Հայաստանի դեմ՝ մի երկրի, որը համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։ Այսինքն՝ ակնհայտ իրողություն է այսուհետ, որ Ռուսաստան-Հայաստան ռազմավարական հարաբերությունները վեր են ածվել ֆարսի և ակնհայտ է, որ տևական ժամանակ է՝ Ռուսաստանը պարզապես հաշվի չի առնում Հայաստանի թե՛ ռազմաքաղաքական, և թե՛ տնտեսական շահը և առաջնորդվում է որպես գերտերություն՝ բացառապես իր շահերով։ Դրանից պետք չէ շատ զարմանալ, ուղղակի ՀՀ քաղաքական ուժերը պետք է շատ վաղուց իրենց համար հետևություն արած լինեին, այլ ոչ թե փորձեին ՌԴ-ի կողմից արված ցանկացած գործողության արդարացում գտնել ավելի մեծ ջանասիրությամբ, քան ՌԴ պետական գործիչներն են դա անում։ Արժե հետևություններ անել և հասկանալ, թե ինչպիսի վտանգավոր հանգուցալուծման կարող է բերել այս ամենը։ Ես զարմանում եմ, որ մինչև այս պահը որոշ քաղաքական գործիչներ պնդում են և չեն ուզում հասկանալ, որ անգամ ԵՏՄ անդամակցության ձգձգումը կապված է Ռուսաստան-Ադրբեջան քաղաքական առևտրով։ Ինչ վերաբերում է Ժիրինովսկու երեկվա հայտարարությանը, ապա ովքեր շատ թե քիչ ծանոթ են ռուսական թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականությանը, ապա կիմանան, որ Ժիրինովսկին արտահայտում է պետության կողմից որդեգրված այնպիսի մոտեցումներ, որոնք ավելի սուր կարող են ընկալվել: Այդ իսկ պատճառով այդ խնդիրները առաջինը բարձրաձայնում են Ժիրինովսկին կամ ժիրինովսկիատիպ քաղաքական գործիչները՝ հանրության ռեակցիան ստուգելու համար, որից հետո նոր իրականացվում է պետական քաղաքականությունը։ Այդ առումով, իհարկե դա խիստ մտահոգիչ է և ես գտնում եմ, որ առավել ևս մեր իշխանությունները և ԱԳՆ-ն պետք է Ռուսաստանից հավուր պատշաճի բացատրություններ պահանջեին ՌԴ նման գործելաոճի համար և պետք է ՀՀ իշխանությունները օր առաջ հասնեն այն հանգուցալուծմանը, որ ՌԴ-ն դադարեցնի Ադրբեջանի զինման պրոցեսը։

 

 

-Ասացիք, որ մեր իշխանություններն ամեն կերպ փորձում էին ՌԴ-ի կողմից ցանկացած գործողության արդարացում գտնել։ Նախագահ Սարգսյանի հայտարարությունը, թե մտահոգված ենք, որ մեր դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում, որին հաջորդեց արդեն նաև վարչապետ Աբրահամյանի և արդեն մյուսների նույնանման պնդումները, Ձեզ չե՞ն հուշում, որ իշխանությունները կարևորել են խնդրի էությունը և Ռուսաստանին հիշեցնում են ստանձնած պարտավորությունների մասին։

 

 

-Ես առիթ ունեցել եմ այդ հարցին անդրադառնալ և նշել եմ, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը որպես ՀՀ նախագահ, իհարկե, անհրաժեշտ էր, բայց ուշացած: Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ իշխանությունները, այդ թվում և վարչապետը, ոչ թե պետք է բավարարվեն միայն հայտարարություններով, այլ պետք է կարողանան հասնեն նրան, որ պահանջեն Ռուսաստանից դադարեցնել ռազմավարական գործընկերոջը ոչ հարիր պահվածքը։ ՀՀ արտգործնախարարությունը պարտավոր էր մինչև այս պահը՝ հատկապես Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, բառացիորեն նոտա հղեր Ռուսաստանին և կարողանար հասնել նրան, որ Ռուսաստանը հրապարակավ հանդես գա և դադարեցնի Ադրբեջանի սպառազինումը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն այսօր իր զենքի ծավալների 80%-ը ձեռք է բերում Ռուսաստանից, իսկ երկրորդ հորիզոնականում Բելառուսն է, և ավելորդ է հիշեցնել, թե ինչ դեր ունեն Բելառուսը և Ռուսաստանը ԵՏՄ-ում և այսքանից հետո չեզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունները և ԵՏՄ տանող գործընթացը վեր է ածվում ֆարսի, դա ուղղակի անհեթեթություն է։
-Իսկ Հայաստանն այս պարագայում այլընտրանքի հնարավորություն ունի՞։

-Բոլորն էլ հաստատում են, որ ՀՀ-ի մինչև այս պահը վարած քաղաքականությունը և բառացիորեն բոլոր ուղղությունները տանում են դեպի Ռուսաստան՝ սկսած ներքին տնտեսական հզորություններից և այնպիսի կարևորագույն նշանակության օբյեկտներից, ինչպիսիք կապն է, էլեկտրացանցերը, գազը, նաև երկաթգիծը և այլն, որն անհեռատես քաղաքականության արդյունք էր։ Փաստը մնում է փաստ, որ այնպիսի իրավիճակում, ինչպիսին ՀՀ-ն է, բացարձակապես անընդունելի է և անթույլատրելի է վարել այնպիսի քաղաքականություն, որ կախված լինի մեկ գերտերությունից՝ տվյալ պարագայում Ռուսաստանից։ Միջազգային հարթակներում, դժբախտաբար, արդեն փաստ է, որ Հայաստանն ինքնուրույն խաղացող չէ, ինչն էլ նվազեցնում է մեր հնարավորությունները բոլոր խնդիրների լուծման առումով, և ակնհայտ խոչընդոտ է նաև ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում։

 

“KarabakhİNFO.com”

28.07.2014 08:34

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*