Հայերեն

Կայծ Մինասյան . «Սա ՀՀ դիվանագիտության պարտություն է»

28.07.2014 | 09:10

10576935_1511621029052269_1370460815_nՀուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ այդ երկրի ղեկավարության հետ ստորագրել է ռազմավարական համագործակցության հռչակագիր: Այն ենթադրում է քաղաքական և տնտեսական բազմակողմանի համագործակցություն: Համագործակցությունը ներառում է նաև երկու երկրների գիտական, կրթական, մշակութային ոլորտները: Եվ, որն ամենակարևորն է կամ վտանգավորը` այն պարունակում է հայտարարություն նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Այս մասին հայտնում է KarabakhİNFO.com-ը վկայակոչելով 1in.am-ին:

 
Հռչակագրում կա այսպիսի կետ. «սերտ համագործակցություն Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հիման վրա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների ու փաստաթղթերի համաձայն հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»:
Սա բավականին վտանգավոր հայտարարություն է հայկական կողմի համար, քանի որ այն միակողմանի է և չի պահպանում միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբում, ԼՂ խնդրի հետ կապված հավասարակշիռ մոտեցումները: Հայտարարության մեջ պաշտպանված են միայն Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: ԼՂ-ին վերաբերող ազգերի ինքնորոշման կամ այլ սկզբունքի մասին որևէ նշում չկա: Եվ այս առումով սա կարելի է աննախադեպ փաստաթուղթ համարել, քանի որ դժվար է հիշել, թե եվրոպական էլ որ երկիրն է նման միակողմանի փաստաթուղթ ստորագրել:

 
Իտալիան Եվրոպայի յոթ ազդեցիկ և խոշոր տնտեսություններից մեկն է, և նրա կողմից նման խիստ ադրբեջանամետ փաստաթուղթ ստորագրելը անկասկած կարող է համարվել Հայաստանի դիվանագիտական պարտությունը: Եվ հետաքրքիր է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուներն այս հռչակագրի մասին որևէ կերպ չեն ցանկանում բարձրաձայնել, մեկնաբանություններ տալ, ինչու չէ` նաև բացատրություններ ակնկալել Իտալիայից: Չէ՞ որ Իտալիան Մինսկի խմբի երկիր է, թեև ԼՂ խնդրով զբաղվող համանախագահող երկիր չէ: Եվ հատկանշական է, որ ադրբեջանամետ այդ հռչակագիրը ստորագրվում է հենց այն ժամանակ, երբ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից փորձ է արվում կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

 
Քաղաքագետ, Ֆրանսիայի ռազմավարական hետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը զրույցում ասաց, որ Իտալիայի և Ադրբեջանի միջև ստորագրված այդ ռազմավարական հռչակագիրը ուղղակիորեն կապ ունի Եվրոպայի և Կասպից ծովի էներգետիկ ծրագրերի հետ: Ոչ վաղ անցյալում Ադրբեջանը, Թուրքիան, Հունաստանը և Իտալիան որոշեցին համագործակցել Տրանսադրիատիկ գազամուղի կառուցման շուրջ: Նախատեսվում է, որ գազը Ադրբեջանից վերը նշված երկրների տարածքներով կհասնի Եվրոպա: Այն նախատեսում է գազը Եվրոպա հասցնել՝ շրջանցելով Ռուսաստանը:

 
Հռչակագրում նաև նշված է, թե այն ուղղված չէ որևէ երրորդ պետության դեմ: Կ. Մինասյանը կարծում է, որ այս կետը ներառվել է Իտալիայի խնդրանքով` իբր թե փաստաթուղթը ուղղված չէ ՀՀ-ի և ՌԴ-ի դեմ: «Բայց անուղղակի կերպով դեմ է»,- գտնում է քաղաքագետը:

 
Վերջինս նաև հակասություն է տեսնում այս փաստաթղթում: «Այդ հայտարարության մեջ Իտալիայի կողմից հակասություն եմ տեսնում: Մի տեղ ասում է, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքը, միևնույն ժամանակ՝ ճանաչում են ԼՂ բանակցությունները, Մինսկի խմբի գործունեությունը: Սա նշանակում է, որ հակասություն կա: Սա նաև ուղղված է Մինսկի խմբի դեմ: Իտալիան թեև Մինսկի խմբի անդամ է, բայց Ադրբեջանի հետ սեփական դիվանագիտությունն է մշակում»,- ասաց Կ. Մինասյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ բոլոր առումներով Հայաստանի դիրքերը թուլացնի Մինսկի խմբում:

 
Քաղաքագետը նաև չբացառեց, որ առաջիկայում Ադրբեջանը նմանատիպ հռչակագիր ստորագրի նաև Տրանսադրիատիկ գազամուղի կառուցման ծրագրում ընդգրկված Հունաստանի հետ: «Սա ՀՀ դիվանագիտության պարտություն է: Զարմանալի է, թե մեր դիվանագետներն ինչ են անում Իտալիայում»,- զարմանում է քաղաքագետը:

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

28.07.2014 09:10

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*