Հայերեն

Հայաստանը կրկին մնաց դուրս

19.11.2014 | 17:35

??????????????????????ՌԴ Պետդումայի տրանսպորտի հարցերով կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը հայտարարել է, որ «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է երկաթուղի կառուցել Իրանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, և այդ հարցը քննարկվել է ՌԴ Պետդումայի խոսնակ Նարիշկինի՝ նոյեմբերի 16-17-ը Իրան կատարած այցի ընթացքում:
Որքանո՞վ է իրատեսական այդ ծրագիրը՝ դժվար է ասել, քանի որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն այսօր ունի ֆինանսական խնդիրներ և, ըստ էության, պետական բյուջեից օգնություն է ակնկալում 1,5 տրիլիոն ռուսական ռուբլու չափով: Սակայն այստեղ իրատեսականությունից զատ շատ կարևոր է խնդրի քաղաքական բաղադրիչը, որով արտահայտվում են Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, այսպես ասած, քաղաքական առաջնահերթությունները տարածաշրջանում: Իսկ դրանցում այսօր Ադրբեջանը առանցքային տեղ է գրավում:

 
Հայաստանը, լինելով իբրև թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, ըստ էության հայտնվել է լուսանցքում և դուրս մնացել ռուսական քաղաքական նախագծումների շրջանակից: Զարմանալի չէ, քանի որ Հայաստանը լիակատար կերպով հանձնվել է Ռուսաստանին, բացարձակորեն չի դիմադրել, ցույց չի տվել, որ կարող է դիմադրել, Հայաստանում ընդդիմությունն անգամ չի ընդդիմացել ռուսահպատակության իշխանական ծրագրերին, և, այս ամենով հանդերձ, բնական է, որ Ռուսաստանը որևէ կերպ չի կարող մտածել իր բռում հայտնված Հայաստանի վրա որևէ ռեսուրս վատնելու կամ ծախսելու մասին: Իսկ ահա Ադրբեջանի հարցում Ռուսաստանն ունի հետաքրքրություններ, և այդ հետաքրքրություններից մեկի արտահայտումն է նաև Իրանը կապող երկաթուղու կառուցման մասին մտադրությունը:

 
Կկառուցեն թե ոչ՝ սա արդեն երկրորդ հարցն է, սակայն հատկանշականն այն է, որ Ռուսաստանի համար սա օրակարգային հարց է արդեն, փաստորեն, ի տարբերություն Հայաստան-Իրան երկաթուղու, որի վերաբերյալ առ այսօր Ռուսաստանից որևէ հետաքրքրություն չի ցուցաբերվել:
Այստեղ, իհարկե, խնդիրները խորն են, հասկանալի է՝ կապված Հայաստանի շրջափակվածության, աբխազական երկաթուղու արգելակվածության հետ: Սակայն, մյուս կողմից, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ցանկության դեպքում աբխազական երկաթուղին կաշխատի, եթե Ռուսաստանը դեմ չլինի դրան:

 
Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ Վրաստանում հայտարարեց, որ աբխազական երկաթուղու գործարկման խնդիրը հայ-վրացական հարաբերությունները չեն: Այսինքն՝ նա ակնարկեց, որ Հայաստանն ու Վրաստանը դեմ չեն գործարկմանը: Բնական է, որ դեմ է Ռուսաստանը, քանի որ ցանկության դեպքում Մոսկվան ունի Աբխազիայի վրա անհրաժեշտ լծակներ՝ այդ ենթակառուցվածքային հաղորդակցությունը վերագործարկելու համար: Սակայն Ռուսաստանի տարածաշրջանային առաջնահերթություններն են այլ. Վրաստանի մասով Մոսկվան կառուցողական պլաններ չունի, ինչպես նաև Հայաստանի մասով: Մոսկվան պատրաստվում է Բաքուն հակադրել Երևանին ու Թբիլիսիին, նաև Իրանի հետ կապ ապահովել Բաքվի միջոցով՝ նկատի ունենալով Ադրբեջանի և Իրանի միջև անվստահությունը, որը Մոսկվայի համար իրավիճակը կդարձնի առավել կառավարելի, քան Երևանով Իրանի հետ կապվելու դեպքում, քանի որ հայ-իրանական հարաբերությունը բարեկամական է, զուրկ քաղաքական խնդիրներից և անգամ բավական ներդաշնակ է տարածաշրջանային ռազմա-քաղաքական հեռանկարների տեսանկյունից: Այդ պատճառով էլ Մոսկվան մշտապես հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ընդգրկուն զարգացման արգելակ է եղել:

 

 
Ադրբեջանը Ռուսաստանի համար մնացել է տարածաշրջանային բնական դաշնակից, և այստեղ, իհարկե, խնդիրը Հայաստանի, այսպես ասած, ռազմավարական դաշնակից Ռուսաստանի քաղաքական նախագծումներն ու մտադրություններն են, որոնք պարզապես թքած ունեն ռազմավարական բարեկամ համարվող պետության վրա՝ ցույց տալով այդ կարգավիճակի կեղծ լինելը, ու նաև Հայաստանի իշխանությունների և ողջ քաղաքական համակարգի գործունեությունը, որոնք հանուն Ռուսաստանի հովանավորության համակերպվելով և համաձայնելով ՌԴ կցորդը դառնալու բոլոր առաջարկներին՝ Ռուսաստանին օգնել են Հայաստանը համարել իր գրպանային պետությունը, որին կարիք չկա սիրաշահելու փորձ անել, որի հետ կարիք չկա ինչ-որ հարցերում բանակցել, փոխզիջումների գնալ, առաջարկներ ներկայացնել, գրավել և այլն. հրամայում ես, ու վերջ:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

19.11.2014 17:35

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*