Հայերեն

Հանցագործը կարող է նախագահ դառնալ, եւ դա Հայաստանի վերջը կլինի o

29.11.2012 | 19:58

1354204630_2228467890_d11ea7c784_zՄեր զրուցակիցն է Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը

Վիգեն, վերջերս հաճախ եք անդրադառնում Հայաստանում օլիգարխիկ համակարգին, իսկապե՞ս Հայաստանի թիվ մեկ խոչընդոտը օլիգարխիան եք համարում:

Նորաստեղծ պետության մեջ միշտ էլ գլուխ է բարձրացնում քրեաօլիգարխիկ համակարգը, օլիգարխներն ամենադիմացկուններն են, ինչպես առնետները կենդանիների մեջ: Կվերանան առյուծները, ռնգեղջյուրները, բայց առնետներն ամեն համակարգի դեպքում հարմարվում են, ամենաերկարակյացն են, քանի որ ամենափտած սնունդով իսկ սնվում են: Քրեաօլիգարխան բնական երևույթ է, բայց այն պետության և հասարակության համար վտանգավոր է դառնում այն դեպքում, երբ սկսում է ներխուժել արդեն պետական համակարգ: Պետական համակարգը, իհարկե, պետք է նրանց հետ հաշվի նստի, ինչպես աշխարհի շատ երկրներում է, բայց Հայաստանում ոչ միայն հաշվի է նստում, այլ նաև նույնացել է այդ համակարգը: Սա արդեն հատում է բոլոր սահմանները:

Իտալիան նույնպես ունի օլիգարխիա, ո՞րն է այս հարցում տարբերությունը ժողովրդավար համարվող երկրի և Հայաստանի միջեւ:

Տարբերությունն այն է, որ այստեղ կա ընդդիմություն, որը ջրի երես է հանում պետության վրա բոլոր օլիգարխիկ հարձակումները, և մեկը մյուսին հսկում է, զսպաշապիկ հանդիսանում: Տեսեք, Բեռլուսկոնիին դատապարտեցին երեքուկես տարի ազատազրկման, քանի որ այս պետության մեջ դատական համակարգը լրիվ ազատ է պետական համակարգից, նրանք առանձին են, և նույնիսկ պետության և դատական համակարգի միջև պայքար է գնում: Բեռլուսկոնին անձամբ պայքարում է դատավորների դեմ: Այսինքն՝ պետության գլուխը պատասխանատու է պետության դատական համակարգի առջև, նրանցից ոչ ոք հսկողությունից դուրս չէ: Տեսեք՝ Բեռլուսկոնիին դատում էին կաշառք տալու համար, և ամբողջ Իտալիան գիտի, որ կաշառք տալը, կաշառք վերցնելը շատ վատ բան է, իսկ Հայաստանում այդ համակարգը չկա. հանցավոր աշխարհը՝ հանձինս օլիգարխների, բռնազավթել է պետական համակարգը, իսկ պետական համակարգը ծառայում է օլիգարխների անձնական շահերին: Այսօրվա օլիգարխները երեկվա հանցագործներն են: Բացի այդ, Հայաստանում մի շատ վատ բան կատարվեց. այդ օլիգարխները գրավեցին նաև ընդդիմադիր դաշտը, այսինքն՝ կա հանցավոր աշխարհ, որը բռնազավթել է կառավարությունը, և կա ընդդիմություն, որը օլիգարխիկ հանցագործներ են, և չկա որևէ վերահսկող մեխանիզմ: Սերժ Սարգսյանի կառավարությունը ոչնչացրեց ամեն տեսակի վերահսկողություն, դարձավ կենտրոնացած հանցագործների միապետություն:

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն, որը կուսակցություն չէ, որտեղ չկան ոչ մի քաղաքական և սկզբունքային առանձնահատկություններ, պարզ չէ՝ աջակողմյա՞ն է, ձախակողմյա՞ն է, ի՞նչ է, այսօր ներկայացնում է ընդդիմություն: Երկրորդ ամենամեծ վտանգն այն

է, որ այդ կուսակցության նախագահը, որը հանցագործներից մեկն է, կարող է դառնալ ՀՀ նախագահ, և այս վիճակը կարող է վերջակետ դնել Հայաստանին՝ որպես պետություն, այն ուղղակի կդառնա հանցագործների հավաքատեղի:

Այսօր ամբողջ աշխարհի հայերն այլևս իրավունք չունեն հեռու մնալ Հայաստանում կատարվելիք իրադարձություններից, որովհետև եթե մի ժամանակ կային առողջ ուժեր, դաշնակցականներ, մյուս կուսակցությունները, որոնք լավ թե վատ հակակշիռ էին, այսօր այդ հակաշիռը չկա Հայաստանում: Հայաստանը կիսվել է երկու մարդկանց միջև՝ Քոչարյանի և Սարգսյանի, և երկուսով տիրացել են ամբողջ պետությանը:

Ոչ Գագիկ Ծառուկյանն է քաղաքական գործիչ, ոչ էլ նրա ստեղծած համակարգը. չեմ ուզում անվանել կուսակցություն, դա կուսակցություն չէ, դա օլիգարխների հավաքածու է, որը ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը:

Ինչպե՞ս եք պատկերացնում քրեաօլիգարխիկ համակարգին հակակշիռ ստեղծելը, արդյոք Հայաստանում տեսնո՞ւմ եք այդ ներուժը, որը կարող է այլընտրանք լինել:

Ցավոք սրտի, այսօր էլ ոչ մի ուժ չկա Հայաստանում, որը կարողանա հիվանդություն բուժել, քանի որ այն տեղով փչացած համակարգ է, որը դեղատոմս չունի: Միակ լուսավոր կետը, որ տեսնում եմ՝ կարող է ինչ-որ բան փոխել, հասարակական շարժումներ են՝ հանձինս Սարդարապատ շարժման: Բայց այս շարժումը ներսից ոչինչ չի կարող անել, եթե նրան չմիանա ամբողջ աշխարհի հայությունը, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանի համար պատասխանատու է այնպես, ինչպես Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ: Եվ եթե Սարդարապատը կարողանա իր շուրջը համախմբել ամբողջ աշխարհի հայությանը, ինչ-որ բան կարող է անել, այլապես Հայաստանը մեռնում է, որովհետև սա ոչ թե հիվանդություն է, այլ հիվանդ մարմին է, որին պետք է անդամահատել: Սարդարապատը միակ այլընտրանքն է, քանի որ Հայաստանն օկուպացված է:

Հասարակությունն այլևս չի հավատում ոչ մի ուժի, հիասթափությունը շատ մեծ է: Բացի այդ, Հայաստանից գաղթեց հիմնականում հասարակության մտածող պոտենցիալը, որը կարող էր երկրում փոփոխություններ իրականացնել:

Առհասարակ, Սերժ Սարգսյան-Քոչարյան տասնամյա միությունը վերացրեց մի համակարգ, որը կարող էր հասարակությանն օգտակար լինել: Մի մոռացեք ով էր չորս տարի առաջ ԲՀԿ-ն, նա ՀՀԿ-ի կցորդն էր: Քանի որ Հայաստանը չէին կարող միապետություն համարել, ստեղծեցին ԲՀԿ-ն, որը ներկայացնում է ընդդիմություն: Սա երկու թագավորների թագավորություն է:

Կարծում եք՝ այդ միասնությունը կա՞ այսօր երկուսի միջև, թե սա հասարակությանը շեղելու միտում ունի:

Սա ոչ թե հասարակությանը շեղելու համար է, այլ այն, որ մարդն ունի ինքնավստահություն, որն այլևս հաշվի չի նստում հասարակության հետ, հետևաբար սա ոչ թե խաղ է, այլ մարդկանց ապուշի տեղ դնելու քաղաքականություն:

Ստեղծվել է մի շղթա, որը կախված է մեկը մյուսից, հիմնված է տեռորի վրա, շղթայում բոլորը մեղավորներ են: Սեփական ուղեղով որևէ մեկն իրավունք չունի որոշում կայացնել: Այսպիսի բան չի եղել երբեք, երբ 100 տոկոսանոց և տնտեսական իշխանություն է, և պետական կառավարման:

Հենց Ծառուկյանը նախագահ դառնա, ես երբեք այլևս ոտք չեմ դնի Հայաստան, սակայն աբսուրդն այն է, որ արդեն տեսականորեն դա հնարավոր է: Հիշո՞ւմ եք՝ մի անեկդոտ կար. հարցնում են՝ ի՞նչ կուզեք դառնալ, ասում են Ծառուկյանի ախրաննիկ… սա անեկդոտից իրականության է վերածվել:

 

“Karabakhinfo.com “

29 Նոյեմբերի 2012,

 

29.11.2012 19:58

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*