Հայերեն

Հրանտ Բագրատյան. «Հայաստանի իշխխող Կառավարությունն ռեֆորմները իրականացնելու ուժ չունի»

10.06.2014 | 16:03

1402401757_baqratyanՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ռեֆորմներից ամենաաղմկահարույցին՝ «կուտակայինին», ասում է, որ նման մեծ ժամանակահատվածի մեջ այսպիսի անչափելի ռեֆորմներ չեն արվում: «Դա նույնն է, որ ոնց որ մեկն ասի՝ ես Ձեզ սիրում եմ, բայց Ձեզ հետ կարող եմ ամուսնանալ 95 տարի հետո»,- ասում է նա: Այս մասին հաղորտում էKarabakhİNFO.com –ը վկայակոչելով՝ tert.am-ին:

– Պարո՛ն Բագրատյան, նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ի իր ելույթում հայտարարեց, որ այն Կառավարությունը, որը չի ապահովում 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Տարվա ավարտին մնացել է մի քանի օր, նման աճ ապահովված չէ: Ձեր կարծիքով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը պե՞տք է հրաժարական տա:

– Դա իմ կարծիքը չէ, իրենք էին ասում, ինչ վերաբերում է կտա՞, թե՞ ոչ, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ես գիտեմ միայն, որ 6 տարի է՝ այս Կառավարությունը աշխատում է։ Եթե նկատի ունենանք, որ այս տարվա ՀՆԱ-ի աճը կլինի 2-4% (11 ամսվա համար 3% է), ապա 6 տարում hանրապետության տնտեսությունն աճել է ընդամենը 7,8%-ով: Այսինքն՝ տարեկան պետք է 7% աճեր, մինչդեռ վեց տարում է 7%-ով աճել (տարեկան սոսկ 1.3%): Աճի տեմպերը ոչ միայն ցածր են զարգացող երկրների համար, այլ ցածր են համաշխարհային աճի տեմպերից: Երկիրը հիմնական տնտեսական ցուցանիշներով 193 երկրների մեջ 2007թ. 85-90-րդ տեղից իջել է 110-115-րդ տեղերը…


-Եվ Դուք ֆեյսբուքյան գրառում էիք կատարել, գրելով.«6 տարում Հայաստանը լքել է 380 հազար մարդ։ «Հիմա ինչպիսի՞ ցինիզմ է պետք բարեփոխումների մասին խոսելու համար և ավելացրել.«Ավելի հաջող ստելու համար Կառավարությանը խորհուրդ կտայի կարդալ հանրահայտ «Մեկ քայլ առաջ երկու քայլ ետ»-ը: Սա միայն Կառավարությա՞ն ձախողումն է, թե կան այլ մեղավորներ ևս:

– Տնտեսական վիճակի համար պատասխանատուն կառավարությունն է:

– Հետևաբար, տնտեսական վիճակից բխող այլ ինչերի՞ համար է պատասխանատու Կառավարությունը:

– Կյանքի վատացում, արտագաղթ, վեց տարի աշխատելուց հետո աղքատությունը 23%-ից հասել է 33%-ի, պաշտոնական ցուցանիշներն եմ ասում: Պետական պարտքը 2,5 անգամ ավելացել է:

-Իսկ այս տարի միա՞յն:

-Այս տարի պետք է հաշվել: Մոտավորապես, այս տարի՝ պարտքն ավելացել է 500 միլիոնով:

– Ասել էիք, որ Տիգրան Սարգսյանը ստում է՝ բացատրելով, թե ինչու այդ 7 տոկոսանոց աճը չի ապահովվել:

– Տիգրան Սարգսյանը պառլամենտում պետական բյուջեն ներկայացնելիս ասաց, որ մեր տնտեսական աճը դանդաղել է, քանի որ համաշխարհային տնտեսական աճը այս տարի դանդաղել է: Դա սուտ է, համաշխարհային տնտեսությունն այս տարի կաճի 3%-ով, դա վերջին 15 տարվա մեջ 4-րդ լավագույն ցուցանիշն է:

-ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները պատրաստվում են անվստահություն հայտնել վարչապետին: Հիմնականում սպասել են, թե ի՞նչ մեղադրանքներ կլինեն: Դուք ի՞նչ հատուկ մեղադրանք կարող եք առանձնացնել որպես վարչապետի  ամենամեծ ձախողում:

– Չեմ նստում և մտածում՝ թե ինչ հատուկ ձախողումներ ունի, նրա հիմնական աշխատանքը ձախողված է. Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, իսկ երկրի պարտքն էլ մեծացել է: Խոսք է տալիս, որ փոքր բիզնեսի տեսակարար կշիռը կավելացնի, պակասում է, Կառավարությունը ԱԺ է ներկայացնում օրենքներ,որոնք էլ ավելի են շեշտադրում խոշոր բիզնեսի մենաշնորհային դիրքերը: Թեկուզ հենց վերջերս՝ կազինոների մասին օրենքը: Կառավարությունը որևէ ռեֆորմ չի անում, չի էլ կողմնորոշվում՝ եվրաինտեգրվո՞ւմ է, թե Մաքսային միություն … էս բոլորը կոպտագույն սխալներ են: Եվ ասեմ, որ այս 6 տարիներին երկիր է մտել 12,5 մլրդ դոլար փող (8,4 մլրդ դոլար տրանսֆերտ, 2,5 մլրդ դոլար արտաքին պարտք և 1,6 մլրդ դոլար պարտք ընկերությունների կողմից): Այդ 12,5 մլրդ-ը պահանջարկ ստեղծել։ Բայց արի ու տես ՀՆԱ-ն 6 տարում 11 միլիարդ 700 միլիոն դոլարից դարձել 10 միլիարդ 900 միլիոն : Սա խայտառակ ցուցանիշ է: Վատագույնը աշխարհում:


– Ռեֆորմներ կատարելու համար Տիգրան Սարգսյանի կառավարությունը ունի՞ հանրային վստահություն:

-Հանրության անունից ինձ չեմ կարող թույլ տալ խոսել, կոնկրետ ինձ համար և՛ վեց տարի առաջ, և՛ հիմա էլ պարզ է, որ Կառավարությունը չունի ռեֆորմներ անելու մտավոր ունակություն:

-Մարդիկ կոնկրետ ասում են նաև, որ չեն հավատում կուտակային կենսաթոշակային համակարգին, որովհետև կվերցնեն գումարները, որպես էժան գումարներ ներդրումներ կան կամ կվերցնեն և կփախչեն։

– Գոյություն ունի մեր ռեֆորմը, որը որպես ՀԱԿ-ի ծրագիր նախատեսված էր ներդնել 2011- ին: Այն ունի 3 առանցքային տարբերություն Կառավարության արածի համեմատ: Առաջին, մարդը կամավոր է փող դնում։ Կառավարությունը հակաճառում է մեզ, թե՝ ձեր ասած կամավորն արել ենք, բայց ոչ ոք փող չի տալիս: Իսկ մենք ասում ենք՝ ինչքան կամավորով ինքը մուծում է, էնքան իրեն եկամտահարկի զեղչ տուր: Չեն արել, սա շատ կարևոր է, դա նաև գալիս է ասելու, որ չի կարելի անցնել կուտակայինի, քանի դեռ համատարած եկամտահարկի համակարգ չկա: Սա նույն Էստոնիայի փորձն է, որը իրենք սիրում են կրկնել:

Հաջորդ, երկրորդ, էլեմենտը. մենք դեմ ենք, որ էդ երկարաժամկետ փողերը դուրս տարվեն: Ի դեպ, այս կուտակայինը 2014-ին կարող է դառնալ տնտեսական անկման պատճառ: Եվ, վերջապես, երրորդը. եթե իմ ասածով անեին, աստիճանաբար կամավոր գումարները կներդրվեին: Սա լավ բան է: Եվ սա պետք է վերաբերեր բոլոր մարդկանց, բոլոր տարիքներին: Ընդհակառակը, այս ռեֆորմը պետք է թույլ տար բոլոր տարիքների մարդկանց (նույնիսկ 50 և ավել տարեկան), որպեսզի մի 5-10 տարուց տեսնեինք՝ ի՞նչ արդյունք կա: Իսկ հիմա մեզ ասում են՝ սպասեք 47 տարի: 47 տարի հետո ո՛չ Տիգրան Սարգսյանը ողջ կլինի, ոչ էլ իր ռեֆորմների մասին կամ իր անունը կհիշեն: Նման անչափ տարածության և ժամանակի մեջ ռեֆորմներ չեն արվում, որովհետև երբ որ մի բանը անչափ է, կոնկրետ պատասխանատուն լղոզվում է: Տվյալ դեպքում՝ պատասխանատվությունը ժամանակի մեջ է լղոզվում:

-Փաստորեն, այդ ռեֆորմին գնահատական կտա պատմությունը:

– Պատմությունը չի էլ հիշի նրան: Չնայած, մի քանի տարի հետո կհիշենք, որ այդպիսի ռեֆորմ չեն անում: Էդ նույնը ոնց որ մեկը ասի՝ ես Ձեզ սիրում եմ, բայց Ձեզ հետ կարող եմ ամուսնանալ 95 տարի հետո: Որևէ քայլ պետք է չափելի լինի: Դա պարզապես ավանտյուրա է:

-Կոնկրետ նպատակներ հետապնդո՞ղ: Այսինքն, որ այդ գումարները ներդրվեն …

– Արտասահմանյան բանկերում, ո՞վ է դա դատելու, մինչև այդ քանի՞ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ կլինի, ոչ ոք չգիտի: Մի բան էլ ասեմ՝ այդ ռեֆորմը լուրջ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում, որովհետև եթե Հայաստանը Մաքսային միության անդամ է, ինչո՞ւ է փողերը տանում ուրիշ երկրներ: Եվ հիմա թրջվելու ենք, ոնց որ եղավ «ՀայՌուսգազարդի» պայմանագրում: Երբ Եվրոպա գնալու ճանապարհին Ռուսաստանը դժգոհություն արտահայտեց, մենք անարդար պայմանագիր ստացանք, ժողովրդի հանդեպ, և Ռուսաստանին ոչ ոք չբացատրեց՝ ո՞րն է հայ ժողովրդի շահը, հիմա նույնը մենք այստեղ ենք ստանալու: Այսինքն՝ Տիգրան Սարգսյանը կարող է մի քանի տարի հետո հայտարարել, որ լավագույն ռեֆորմը այն է, որ մենք այդ միջոցները դնենք ռուսական պետական արժեթղթերի մեջ: Մենք արդեն տեսել ենք, որ այդ մարդը մեկ-երկու ամսում իր կարծիքը հիմնովին այնպես է փոխում, որ կարծես նախորդը չի եղել:

– Գազային համաձայնագրերի մասին ի՞նչ կասեք:

– Դրանց վրա լավ չէինք աշխատել, արդյունքում շատ բաներ կան, որոնք հաշվի չէինք առել: Առաջիկայում պետք է դրա վրա աշխատել ռուսական կողմի հետ, նոր համաձայնագիր կնքել, որպեսզի Հայաստանի շահերը վերջին հաշվով, հաշվի առնվեն: Ռուսներն այստեղ մեղք չունեն, նրանք իրենց շահերով են առաջնորդվում: Մեզ համար ակնհայտ դարձավ, որ Կառավարությունը, վարչապետը և էներգետիկայի նախարարը պարզապես մեր ժողովրդի հաշվին փորձում են հաճելի բաներ մատուցել ռուսական էներգետիկ բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց հետույքի համար: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանի շահը բացատրվեր, այն երբեք չէր կարող հակասել ՌԴ շահին և որ այդտեղ կային ավելի արդյունավետ լուծումներ:

– Իսկ գազի կալորիականության մասին խաբո՞ւմ է կառավարությունը:

– Տվյալներ չունեմ, մի բան գիտեմ, որ (ծիծաղում է – խմբ.) ամբողջ ժողովուրդը խոսում է, որ սուրճն ինչ-որ շատ ուշ է եփում:

– Ձեր հարցազրույցներից մեկում հայտարարել էիք, որ վարչապետը Ձեր՝ տնտեսության վերաբերյալ գնահատականների համար Ձեր դեմ պատվերներ է իջեցնում դատարաններին:

– Այո՛, միլիոն ստեղ մուծի, միլիոն այնտեղ մուծի, Տիգրանն է սարքում: Հիմա ես Ձեզ ինտերվյու եմ տալիս, կարդալու է մտածի՝ ի՞նչ անենք, հերթական վատությունն անենք:

– Օֆշորի մասին. կան տեղեկություններ, որ Ամանորից հետո լինելու է հաջորդ սկանդալը, մասնավորապես, Կիպրոս գործուղված խմբի բացահայտումներով: Կարծո՞ւ մ եք, որ եթե վարչապետը հրաժարական կտա՞:

– Օֆշորի մասին մի հստակ բան ասեմ. Կիևում մտել եմ, այնտեղ գրասենյակներ կան, որոնք օֆշորներ են բացում և խնդրել եմ, որ Կիպրոսում ինձ համար օֆշոր բացեն: Ինձ հստակ բացատրել են, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ բացելը արժե մոտ 150 դոլար և ինձ ասել են, որ՝ «Դուք պարտավոր եք մեկ անգամ գնալ Կիպրոս»: Անհնարին է չգնալ: Ավելին, երբ բացում եք օֆշորը, մեկ-երկու հոգու Կիպրոսում պետք է աշխատանքի վերցնեք: Եվ նրանց աշխատանքի վերցնելու անվան տակ պետք է հիմնադիրները ստորագրեն: Ես Կիևում սա իմացել եմ իրավաբանական գրասենյակից: Կիևում՝ Կրեշչատիկում, ամեն մի քայլափոխի կա՝ «կբացե՛նք օֆշոր Կիպրոսում» (офшор на Кіпрі в чехії): Հանգիստ կարող եք մտնել և հարցնել:

– Եթե ՀՀ նախագահ ընտրվեիք, անկախ Ձեր քաղաքական հակասություններից, ինչ պաշտոն կվստահեիք Տիգրան Սարգսյանին, ո՞ր ոլորտում: Հարցնում եմ, նկատի ունենալով, որ նա Ձեր օրոք ինչ-որ պաշտոն ունեցել է:

– Ես կարծում եմ և խորհուրդ կտամ, որպեսզի կոնկրետ այս ողջ տնտեսական թիմը հեռանա կառավարման ասպարեզից: Գոնե մի տասը տարի շունչ քաշենք: Իրենք էլ կողքից նայեն, մտածեն, որովհետև տնտեսագիտությունը առաջ է գնացել, իսկ այս թիմը մնացել է 90-ականների գիտելիքների վրա:

“KarabakhİNFO.com”

10.06.2014 16:03

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*