Հայերեն

«Մառոժնի» են ուզում Անկախության չգիտակցված խորհուրդը

04.10.2013 | 05:56

1380878793_bezymyannyyԽոսքն այն մասին է, որ անկախության հիմնական խորհուրդն այդպես էլ չմտավ հասարակության մեծ մասի գիտակցության մեջ։

 

Իսկ հիմնական խորհուրդն այն է, որ անկախությունն առաջին հերթին պատասխանատվություն է։ Պատասխանատվություն` սեփական քայլերի ու որոշումների համար։ Անկախ լինել` նշանակում է գիտակցել, որ այդ պահից սկսած` պարտավոր ես քո առջեւ դնել միայն այնպիսի խնդիրներ, որոնք ի վիճակի ես լուծել բացառապես սեփական ուժերով, առանց ուրիշի վրա հույս դնելու։ Հենց սա է, որ չհասկացավ կամ չցանկացավ հասկանալ մեր «ազգային միտքը»։

 

Լինում է, չէ՞, փոքրիկ երեխան, հոր ձեռքը բռնած, քայլում է փողոցով, մեկ էլ հանկարծ կանգնում է պաղպաղակի կրպակի առջեւ ու ոտքերը գետնին զարկում` «մառոժնի եմ ուզո՜ւմ…»։ Մեծ հաշվով` դա նորմալ է, այդպես էլ պիտի լինի, որովհետեւ երեխան «անկախ» չէ եւ իր պահանջները պիտի ներկայացնի նրան, ումից կախված է։ Իսկ երբեւէ տեսե՞լ եք, որ 22-ամյա հասուն մարդը միայնակ կանգնի կրպակի առաջ, ոտքերը գետնին զարկի ու լացելով ասի «մառոժնի եմ ուզո՜ւմ»։ Այդպես չի լինում։ Մինչդեռ մեզանում գերիշխող «ազգային միտքը» հենց այդպես էլ վարվում է։ Ընդ որում` այդպես է վարվում բոլոր ոլորտներում։ Մենք կարողացել ենք ինքնուրույն, մեր ուժերով ոչ միայն պաշտպանել Ղարաբաղը, այլեւ յոթ շրջան ազատագրել։ Իսկ հիմա պարզվում է, որ ինքնուրույն այդ տարածքներն ու Ղարաբաղը պաշտպանել չենք կարող (Ադրբեջանն այստեղից-այնտեղից զենք կառնի ու հետ կգրավի), դրա համար էլ մտնում ենք Մաքսային միություն։ Այսինքն` մենք ազգովի մեր առջեւ այնպիսի գերխնդիր ենք դրել, որը կարող ենք լուծել միայն ուրիշների օգնությամբ (եթե ստացվի)։ Իսկ այն հարցը, թե արժե՞ր արդյոք այնպիսի խնդիր դնել, որի լուծումն ուրիշներից է կախված, մեզանում երբեւէ չի էլ քննարկվել։ Առավել եւս` չի քննարկվել, թե արդյո՞ք արժեր տարածքներ ազատագրել, եթե հետո ինքնուրույն պաշտպանել չենք կարողանալու։

 

Մեզանում նման հարցադրում անողը հինգ րոպեում ազգի դավաճան կհռչակվեր։ Նույնն էլ հայ-թուրքական հարաբերությունների դեպքում է։ Եթե մեզանում գերիշխեր այն մտածողությունը, որ Հայաստանն իսկապես անկախ երկիր է, որեւէ մեկը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների մասին չէր խոսի, որովհետեւ հասկանալի է` մենք մեր ուժերով այդ հարցը լուծել չենք կարող։ Բայց քանի որ անկախության իրական գիտակցումը չկա, մեր «ազգային միտքը» ոտքերը գետնին է զարկում ու լացելով առնվազն վեց վիլայեթ պահանջում։ Վախենալու բան չկա, ռուսական զորքը սահմանները հսկում է։ Այդպես երես առած երեխան է բակում հայհոյում իրենից մեծերին` լավ իմանալով, որ «պապան» հեռվից հետեւում է, դժվար թե նրա ներկայությամբ իրեն ծեծեն։ Նա, ով գիտի, որ միայն սեփական ուժերին կարող է ապավինել, իրեն ավելի լուրջ է պահում։

 

Անկախության քսաներկու տարիների ընթացքում այս ամենը պիտի որ գիտակցվեր, բայց դա տեղի չունեցավ, եւ տրամաբանական արդյունքը եղավ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը։ Ու թվում է` գոնե հիմա հասարակության մեջ պիտի լրջորեն քննարկվեն այս հարցերը։ Այնպես չէ, որ մտավորականությունը պասիվ է։ Ոչ, անկախության թեմայով բուռն քննարկումներ են ընթանում։ Բայց ի՞նչ են քննարկում։ Մեկն ասում է` ինչո՞ւ պիտի մեր Անկախության տոնին երգեն Ռուսաստանից եկած «բացքամակ աղջիկներ», մյուսն ասում է` ի՞նչ գործ ունի Նունե Եսայանն այդտեղ, եթե մենք Կոմիտաս ունենք, Եկմալյան ունենք, Արամ Խաչատրյան ունենք… Այդ ամենն, իսկապես, շատ կարեւոր է։ Բայց համաձայնվեք` եթե անկախությունը ձեւական է, առանձնապես կապ չունի` Անկախության տոնին Կոմիտա՞ս կհնչի, Նունե Եսայա՞նը կերգի, թե՞, ասենք, Գլյուկոզան։

 

Բայց տոնական օրով նման բաներից խոսելը երեւի տեղին չէ։ Վերջին հաշվով` Հայաստանի Անկախության օրն է։ Հուսանք` այս տոնը դեռ երկար կնշվի։ Ու հավատանք, որ ստեղծված իրավիճակը մարդկանց կստիպի ավելի մեծ պատասխանատվությամբ ընկալել Հայաստանի անկախությունը եւ մի քիչ մտածել` ոտքերը գետնին զարկելով ինչ-որ բան ուզելուց առաջ։ Քանի դեռ ժամանակ կա։

 

 

 

04.10.2013 05:56

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*