Հայերեն

« Մոսկվան նվեր է տալիս հին զինատեսակներ, իսկ Ադրբեջանին վաճառում է ժամանակակիցը »

26.05.2014 | 10:41

1401086481_tankՌուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է խոստանում Ադրբեջանին, հայտարարելով արդեն իսկ խոստացածների մատակարարման ավարտի մասին: Իհարկե, ասում են, թե բիզնես է, ոչ մի ուրիշ բան:

Բայց դա ոչ միայն Ռուսաստանի բիզնեսն է: Հայաստանում էլ շատերը դրա վրա բիզնես են անում: Նրանց բիզնեսի իմաստն այն է, որ արդարացնեն Ռուսաստանի բիզնեսը: Երբ Մոսկվան միլիարդների սպառազինություն է մատակարարում իր դաշնակից երկրին, Հայաստանի «բիզնեսմենները» հայտարարում են, թե Մոսկվան այդ զենքը տալիս է, որ վերահսկի Ադրբեջանին: Կամ եթե Ադրբեջանին վաճառում է, ապա մեզ էլ նվեր է տալիս կամ տալիս է շատ էժան:

 

Բոլորովին վերջերս շրջանառության մեջ են դրվել առավել կրեատիվ մտքեր: Մասնավորևապես այն մասին, որ Ադրբեջանն իրականում զինվում է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ, եւ հակատրամադրություններն էլ ոչ թե Հայաստանին, այլ Իրանին ու Ռուսաստանին են միտված:

 

Ստացվում է, որ Ռուսաստանը բիզնես է անում առանց խելքի, այսինքն այդքան խելք չունի հասկանալու, որ ինքն իր դեմ զինում է Ադրբեջանին: Բա առանց խելքի բիզնես կանե՞ն, կասեր երեւելի հայ պաշտոնյաներից մեկը:

 

Այդպիսով, եթե Մոսկվան էժան կամ անվճար սպառազինություն է տալիս Հայաստանին, ապա դրա դիմաց ստանում է հայերին սպանելու բիզնեսի իրավունք: Ընդ որում, նվեր տված եւ սպանող զենքերը էապես տարբեր են, որովհետեւ Մոսկվան նվեր է տալիս հին զինատեսակներ, իսկ Ադրբեջանին վաճառում է ժամանակակիցը: Դե Հայաստանին էլ կվաճառի, բայց միայն շուկայական գնով:

 

Մյուս կողմից, խնդիրն այն է, որ իրականում Մոսկվան Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության դաշինքը չէ, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը չէ: Մոսկվան ընդամենը ունի մեկ խնդիր՝ արգելել Հայաստանին ռազմավարական լուծումներ գտնել թե անվտանգության համակարգի, թե ռազմավարական դաշնակիցների եւ բարեկամների ընտրության հարցում: Այդ տեսանկյունից, Բաքվի հետ Մոսկվայի ռազմա-տեխնիկական առեւտուրը չէ, այլ Հայաստանի դաշնակից ու անվտանգության երաշխավոր հռչակվելը, օգտագործելով Հայաստանում կոլաբորացիոնիստների հոծ բանակը: Այդ բանակը կոչված է արդարացնելու հայության համար մահաբեր զենքի մատակարարումը Բաքվին: Արդարացնում են ամենացինիկ ձեւակերպումներով, դեմքի ամենաանգույն արտահայտությամբ: Իսկ որոշներն էլ արդարացնում են լռությամբ:

 

Իշխանությունը հասկանալի է, այդտեղ քննարկման խնդիր չկա: Թեեւ, պետք է նշել, որ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Վեհաժողովներում երկու-երեք անգամ թեկուզ ընդհանուր բարձրացրել է հարցը, որ ՀԱՊԿ անդամները չպետք է անեն Հայաստանի շահերին հակասող քայլեր: Սերժ Սարգսյանն ավելիին ընդունակ չէ, նա չի էլ անի, նա ռիսկի չի ենթարկի իր իշխանությունը:

Հեշտ է ասել իհարկե, թե այդ ամենը թույլ է տալիս Հայաստանի իշխանությունը: Այդ պարագայում, իսկը հարմար ժամանակն է ցույց տալու, որ իրենք կլինեն այլ իշխանություն, այդ ամենը թույլ չտվող իշխանություն: Թե՞ այդ դեպքում Ռուսաստանը թույլ չի տա գալ իշխանության, ինչպես ՄՄ-ի հասցեին թթու խոսք ասելու դեպքում: Իսկ մի՞թե որեւէ մեկը կարծում է, թե հնարավոր է հիմա Ռուսաստանին այո ասելով գալ իշխանության, իսկ հետո ոչ ասել Հայաստանի շահի դեմ Ռուսաստանի քայլերին: Կա՞ն Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող այդպիսի «հնարամիտներ»: Կամ, կա՞ն «հնարամիտներ», որոնք կարծում են, որ Ռուսաստանն իր շահն ու շահի սպասարկման ուղղությունը պայմանավորելու է այսպես ասած Հայաստանի ներքին որակներով:

 

“KarabakhİNFO.com” 

 

26.05.2014 10:41

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*