Հայերեն

Մոսկվան ու Բաքուն խորացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը

09.04.2014 | 10:36

1397025402_ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակից Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկուշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ վարած բանակցությունների արդյունքում հայտարարել է ռուս – ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին: 

«Մենք [Ադրբեջանի] գլխավոր շտաբի պետի հետ քննարկել ենք ռազմատեխնիկական հետագա համագործակցության հարցեր: Այդ համագործակցության ընդլայնման համար հեռանկարներ կան», – Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի, հայտարարել է Գերասիմովը:

Հատկանշական է, որ Ադրբեջանի անկախացումից ի վեր՝ 1991 թվականից, սա Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի առաջին այցն է Բաքու:

Բանակցությունների ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև համագործակցությունը զարգանում է «բարձր մակարդակով [և] բոլոր ուղղություններով՝ ռազմական շինարարության, կրթության և ռազմատեխնիկական»:

«Վերջին տարիներին այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն են ստանում: Այդ ամենը նպաստում է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը», – ասել է գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

«Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հարաբերությունների զարգացումը հաջող է ընթանում: Հիմնականում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է: Շարունակվում է մեծ գործարքների իրականացումը: Մենք համագործակցում ենք շատ ոլորտներում, և այդ համագործակցությունը հաջող է [ընթանում]», – Վալերի Գերասիմովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովը:

Անցած տարվա ամռանը հայդնի դարձավ որ Մոսկվան Բաքվին է վաճառել մի քանի միլիարդ դոլարի այդ թվում հարձակողական նշանակության սպառազինություն: 2013 թվականի օգոստոսի 13-ին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայդարարեց ՝ ադրբեջանա – ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասել են 4 միլիարդ դոլարի: Ընդ որում, Ռուսաստանի նախագահը գլխի շարժումով հաստատեց Իլհամ Ալիևի խոսքերը:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները բավականին ուշագրավ ձևով են արձագանքել Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի վերաբերյալ Հայաստանում հնչած դժգոհություններին:

 

«ՂարաբաղԻՆՖՈ.com»

 

09.04.2014 10:36

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*