Հայերեն

Ոսկե ծիրան գաղջ մթնոլորտում

19.07.2013 | 11:26

1374218780_eeeՀուլիսի 7-ին մեկնարկած «Ոսկե ծիրան»

ամենամյա կինոփառատոնի

շրջանակներում արդեն բազմաթիվ

ֆիլմեր են ցուցադրվել, նախօրեին

էլ տեղի է ունեցել երկար սպասված

իրադարձություն` վերջապես

գործարկվել է «Մոսկվա» կինոթատրոնի

ամառային դահլիճը, որը, ինչպես

հիշում եք, դեռեւս տարիներ առաջ պետք

է ապամոնտաժվեր։ Ֆիլմերի ցուցադրմանը

զուգահեռ տեղի են ունենում նաեւ

ռեժիսորների եւ դերասանների հանդիպումներ

լրագրողների հետ։

 

Սլովակ ռեժիսոր Միրա Ֆորնեյը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթին է ներկայացրել իր առաջին խաղարկային ֆիլմը՝ «Իմ շունը մարդասպան է» վերնագրով։ «Սա շատ արդիական եւ կարեւոր թեմա է, որի մասին արժե խոսել։ Եվ վայրը, որտեղ անցկացվել են նկարահանումները, ինձ համար բավական հարազատ է։ Համամարդկային արժեք ունեցող այսպիսի կարեւոր պատմություն ներկայացնելիս բնության գեղեցկությունը նույնպես կարեւոր դեր ունի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆորնեյը։ Նշենք, որ ֆիլմում ներկայացված է 18-ամյա Մարեկի մեկ օրվա դրաման։ Նա ապրում է Սլովակիայի եւ Մորավիայի սահմանագծին` հոր եւ խուլիգան, ռասիստ հասակակիցների հետ, իսկ նրա լավագույն ընկերը շունն է։ Ֆիլմում պրոֆեսիոնալ դերասաններ չկան. նկարահանվել են տեղի բնակիչներ, ովքեր շատ լավ ծանոթ են նեոնացիզմի եւ ռասիզմի խնդրին։ Դերասանները ֆիլմում իրենք իրենց չեն մարմնավորում, մարմնավորում են այլ մարդկանց, սակայն ներկայացնում են նշված վայրում տիրող իրավիճակը  եւ այնտեղի առօրյան։

«Ես պարզապես իրականությունը պատկերել եմ այնպես, ինչպիսին այն կա։ Ռասիզմն ու նեոնացիզմը վատ երեւույթներ են, որոնք գոյություն ունեն հենց այն տեսքով, ինչպես ներկայացված են։ Ես նկարահանումներից առաջ բավական երկար հետազոտություն եմ կատարել։ Ֆիլմն այդ երեւույթների մասին իմ կարծիքն ու պատկերացումն է»,- պատմեց Միրան` պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ  է համարում ֆիլմում ցուցադրել ռասիզմն իր ողջ դաժանությամբ։

Իսրայելից ժամանած ռեժիսոր Լեոն Պրուդովսկին ներկայացնելով իր կարճամետրաժ ֆիլմը, պատմեց, որ այն  խաղարկային է, սակայն դրանում ընդգրկված են դոկումենտալ կադրեր։ «Բարի գալուստ եւ … ցավակցում ենք» ֆիլմը 1991 թվականին  ԽՍՀՄ-ից դեպի Իսրայել զանգվածային գաղթի ալիքի մասին է, որի ժամանակ 12-ամյա Միշան տեսագրում է իր ընտանիքի ճանապարհորդությունը սիրողական տեսախցիկով։ Գաղթի ցավագին փորձությունները հասնում են աբսուրդի աստիճանի, երբ ծեր Ռոզա հորաքույրը ինքնաթիռի մեջ մահանում է` նախքան նախնիների երկիր հասնելը, եւ բյուրոկրատական բազմաթիվ խնդիրներ են առաջանում այն հարցի շուրջ, թե որ երկրում պետք է հուղարկավորվի մահացածը։ 23 տարի Իսրայելում ապրած ռեժիսորը պատմեց, որ վերջին տասը տարիների ընթացքում այնտեղ նկարահանվող ֆիլմերի որակը կտրուկ բարձրացել է, եւ դրանք պարբերաբար միջազգային հեղինակավոր մրցանակներ են ստանում։ Ռեժիսորը դա բացատրեց նրանով, որ Իսրայելում մի քանի տարի առաջ հատուկ օրենք է ընդունվել կինոարտադրության վերաբերյալ, համաձայն որի` պետությունը պետք է ֆինանսավորի նկարահանվող ֆիլմերի բյուջեի 50 տոկոսը։ «Բոլորն էլ գիտեն, որ ֆիլմ նկարահանելու համար գումար ճարելը շատ դժվար է, եւ պետության նման աջակցությունը շատ կարեւոր է։ Շատ ռեժիսորներ վերցնում են պետության կողմից տրվող այդ գումարը` բյուջեի 50 տոկոսը եւ միայն այդ գումարով շատ լավ ֆիլմեր են նկարահանում»։

Հայազգի երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւս անդրադարձավ լավ ֆիլմարտադրություն ունենալու համար անհրաժեշտ պայմաններին եւ ասաց, որ, այնուամենայնիվ, ամենակարեւորը ֆիլմի համար գումար ճարելն է։ Նա պատմեց, որ, օրինակ, իր հաջորդ ֆիլմը նկարահանելու համար իրեն անհրաժեշտ է 1 մլն 357 հազար եվրո, ինչը կազմում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի երեք  տարվա բյուջեն։ «Պարզ է, որ իմ ֆիլմը նկարահանելու համար ես չեմ կարող հույս ունենալ, որ Հայաստանում ինձ կօգնեն։ Նույնիսկ անիմաստ է մտածել այդ մասին։ Նայեք երկիրը։ Մարդիկ սոված են»,- ասաց նա եւ նշեց, որ ֆիլմի համար պետք է փորձի ֆինանսավորում գտնել Ռուսաստանում կամ Եվրոպայում։ Խոսելով «Ոսկե ծիրանին» ներկայացրած իր` «Այդ ես չեմ» ֆիլմի մասին, նա պատմեց, որ այն 14-ամյա աղջկա` Եվրիդիկտեի աշխարհի մասին է, որը պտտվում է ինտերնետային չաթի  սենյակների եւ բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջ, բացի այդ, աղջիկը փորձում է գտնել իր հորը։ Ռեժիսորի խոսքով, այս ֆիլմը նկարահանվել է խայտառակ քիչ բյուջեով` ընդամենը 10 հազար ԱՄՆ դոլարով, սակայն իրենց հաջողվել է ստանալ «միջազգային» ֆիլմ, որում նկարագրված պատմությունը հասկանալի եւ հուզիչ է բոլորի համար` անկախ տարիքից, ազգային պատկանելությունից եւ բնակության վայրից։

Chi.am

19.07.2013 11:26

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*