Հայերեն

Որքա՞ն արժե զինվորի կյանքը, կամ ինչպես փրկել մեր որդիներին

25.07.2014 | 06:53

85427e832756Վերջին շաբաթներին սպանություններին զուգահեռ ստացվում էին ոչ մարտական պայմաններում սպանությունների մասին բոթեր:
Համաձայն այդ խնդրով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների` վերջին տարիներին մեր բանակում ոչ մարտական պայմաններում տարեկան շարունակում են զոհվել տասնյակ զինծառայողներ: Այն, որ զոհերի թիվն անթույլատրելի մեծ է, ընդունում են բոլորը, այդ թվում` ՊՆ-ն: Սակայն եկեք միանգամից հասկանանք, որ այդքան զինծառայողների մահերը ոչ թե վիճակագրություն են, այլ ողբերգություն՝ տարեկան մի քանի տասնյակ ողբերգություն:
Դա միայն մահացածները: Իսկ քանիսն են վերադառնում հաշմանդամ, քանիսն են բանակում ծեծվում, անարժանապատիվ վերաբերմունքի արժանանում` ոչ ոք չի հաշվել: Բայց հազիվ թե գտնվի մի զինվոր, որին 2 տարում չեն հայհոյել, կամ որը ապտակ չի ստացել «դեմբել» կամ «գողական» ծառայակցի, և կամ սպայի կողմից: Այսինքն` զինվորի արժանապատվությունը, հոգեբանական վիճակը, առողջությունը կամ կյանքը համարյա առ ոչինչ են զինվորների և հրամանատարության մեծամասնության համար:

 

 

Համաձայն գործող օրենքի` զոհված զինծառայողների ընտանիքները միանվագ ստանում են շուրջ 2.1 միլիոն դրամ հուղարկավորության համար և շուրջ 3.6 միլիոն դրամ (10.000 ԱՄՆ դոլար)` որպես փոխհատուցում: Այսինքն` համարվում է, որ հայ զինվորի կյանքն արժե տասը հազար դոլար` այդքան է պետության պարտավորությունը երեխա կորցրած ընտանիքի դիմաց (ընդ որում` այդ գումարը մուծվում է պետբյուջեից, և ոչ մահվան մեջ մեղավորների հաշվին):

 

 

Քաղաքակիրթ երկրներում ոչ միայն բանակում սպանությունները, այլև բանակում զինվորների նկատմամբ բռնության կամ անարժանապատիվ վերաբերմունքի դեպքերը դառնում են մի համապետական արտակարգ պատահար: Դրանք դառնում են խորհրդարանական հատուկ հանձնաժողովներ ստեղծելու, տարբեր ռանգի զինվորականների պաշտոններից դուրս թռչելու և նույնիսկ` պաշտպանության նախարարին նշանակած քաղաքական ուժի նկատմամբ անվստահության պատճառ:

 

 
Իսրայելում նման դեպքերում նույնիսկ զորամասեր են ցրում: Գերմանիայում, մի քանի տարի առաջ, սպաների կողմից մի քանի զինվորի ծեծելը բերեց պաշտպանության նախարարի հրաժարականի: Կանադայում երկու հատուկջոկատայինների կողմից մի դեռահասի ծեծելը 1993-ին դարձավ խորհրդարանում երկամյա լուրջ քննարկումների առարկա:

 
Հարկ չկա ասելու, թե որքան էր գնահատվում զինվորի կյանքը Սովետական Միությունում կամ հիմիկվա Ռուսաստանում, կամ նույնիսկ Ռուսական կայսրությունում, քանի որ բոլորին է հայտնի, որ այն գնահատվում է (էր) համարյա առ ոչինչ: Ու այդ ֆոնին զարմանալի չէ, որ սովետական ու ռուսական բանակներում զինվորներին ծեծում են, խոշտանգում են, սպանում են, ու ոչինչ չի փոխվում… Լավագույն դեպքում` պատժվում են անմիջական մեղավորները, բայց հաճախ դա էլ տեղի չի ունենում: Համաձայն Ռուսաստանի «Զինվորի մայր» կազմակերպության տվյալների` այդ երկրի բանակում տարեկան մահանում է շուրջ 3000 մարդ:

 

Ռուսաստանցի անկախ փորձագետները իրենց բանակը բարոյական արժեքների տեսանկյունից համեմատում են տեռորիստների հետ, որոնց համար նույնպես մարդկային կյանքը ոչինչ չարժե:
Միանգամից ասեմ, որ Ամերիկայում, ուր կյանքի միջին մակարդակը Հայաստանից ընդամենը 10 անգամ է բարձր, մահացած զինծառայողների դիմաց ընտանիքին տրվում է հիսունից հարյուր յոթանասուն անգամ ավելի մեծ (քան Հայաստանում) փոխհատուցում` 0.5-1.7 միլիոն դոլար: Ոչ պակաս են նաև (նյութական առումով) գնահատում իրենց զինվորների կայնքը Եվրոպական երկրները:

 

 

Ու հարցը ոչ միայն արդեն սպանված զինվորի կյանքի գինն է, այլ այն միջոցների ծավալը, որը ներդրվում է, որ այդ զինվորը չսպանվի: Այդպիսի միջոցները սկսվում են որակյալ զրահաբաճկոններից ու ավարտվում են դեդովշչինայի բացառմամբ և տարատեսակ պարզունակ միջոցներով:

 

 

Շատերս նաև հիշում ենք, թե ինչպես ամերիկյան բանակը 2003-ին իրաքցիների թիկունքում հատուկ օպերացիա իրականացրեց, որ փրկի գերեվարված շարքային Ջեսիկա Լինչին: Բայց մեկ զինվորի կյանք փրկելու համար ձեռնարկված միջոցների ռեկորդը սահմանեց Իսրայելը, որը ՀԱՄԱՍ-ի կողմից գերի վերցված զինվորի ազատության դիմաց պաղեստինցիներին այս օրերին հանձնում է 1027 բանտարկյալ: Փաստորեն, այդ երկրում իրենց մի զինվորի կայնքը գնահատում են ավելի քան 1000 պաղեստինցու կյանքի չափ:

 

 

Այսինքն` քաղաքակիրթ երկրների բանակների զինվորները ոչ միայն ծառայության ժամանակ չեն ծեծվում, խոշտանգվում ու սպանվում, այլև նույնիսկ, գտնվելով հակառակորդի բանտում, գիտեն, որ իրենց ղեկավարությունը իրենց մասին հոգ է տանում ու չի խնայի ոչ մի միջոց իր զինվորին ազատելու համար: Իսկ մեր երկրում զինվորները սպանվում են իրենց ծառայակիցների կողմից, ու ղեկավարությունը ոչ միայն չի ձեռնարկում միջոցներ, որ դա տեղի չունենա, այլև պարտակում է այդ սպանությունները:

 

 

Ու այդ տարբերությունը կապ չունի ո՛չ Հայաստանի ընդամենը 23 տարի անկախ լինելու, ո՛չ Հայաստանի համեստ նյութական հնարավորությունների հետ, ո՛չ էլ ադրբեջանական սպառնալիքի հետ: Ինչպես ասում են` «մարդս մարդ լինի»: Ցավոք, ես չեմ զգում, որ միջին հայ զինվորի, հրամանատարի, գեներալի, գլխավոր շտաբի պետի կամ նախագահի համար հայ զինվորի արժանապատվության, առողջության ու կյանքի արժեքը 0-ից տարբեր է:

 

 

“KarabakhİNFO.com”

25.07.2014 06:53

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*