Հայերեն

Պավել Ֆելգենգաուեր. « Բորդյուժան եկել է հանգստացնել հայերին »

11.10.2014 | 14:18

10723328_1534913170056388_865759490_nՆախօրեին Երևան այցելեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ում այցը, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, որքան էլ զարմանալի է՝ կրում էր նպատակային բնույթ և կապված էր վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում նկատված լարվածության շիկացման, այդ թվում՝ ս.թ. օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ:
Բորդյուժան նախ հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ, ով նշել էր, որ ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը, որոնք դրսևորվում են տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար արմատական հետաքրքրություն ունեցող հարցերում և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և առաջարկություններին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին, որից հետո ունեցել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակին ծանոթանալու նպատակ: Հետաքրքրական է, որ ՀԱՊԿ-ը հետաքրքրվում է իրավիճակով լարվածությունից բավական անց, երբ վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանի դիմումը չի եղել այդ կազմակերպությանն օգնություն ստանալու նպատակով:

 
Զրույցում ռուսաստանցի հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ ՀԱՊԿ-ը դատարկ կազմակերպություն է. այն, որպես միություն, երբեք չի գործել և չի գործելու: Ուստի, նրա խոսքով, ՀԱՊԿ անդամները, բացի Ռուսաստանից, ոչինչ չեն անելու, և պետք չէ ակնկալել, որ այս կառույցը պետք է լուրջ քայլեր իրականացնի: Ֆելգենգաուերի կարծիքով՝ մնում են Հայաստանն ու Ռուսաստանը, իսկ այս երկրների միջև՝ անկախ ՀԱՊԿ-ից, առկա են ռազմավարական հարաբերություններ, իսկ ՀԱՊԿ-ի գործունեությունը որևէ առնչություն չունի իրական մարտահրավերները վերացնելու հետ:

 
«Եկել է Բորդյուժան, ի՞նչ անենք: Բորդյուժան Ռուսաստանում շատ բան չի որոշում, և ես մեծ իմաստ չեմ տեսնում այս այցի մեջ, այսինքն՝ ռազմավարական, հեռահար իմաստ չեմ տեսնում: Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի հակամարտությունները չմտնեն լարված փուլ, քանի որ Ռուսաստանին այսօր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում լարվածության նոր օջախներ անհրաժեշտ չեն՝ մանավանդ ԼՂ ճակատում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բորդյուժան եկավ, որպեսզի հայերին հաճելի լինի. այդքան բան: Բայց ես դրանում որևէ հեռահար նպատակ չեմ տեսնում: Բորդյուժան մեկը չէ, ով ռազմավարական որոշումներ է կայացնում»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

 
Անդրադառնալով տեսակետներին, թե այցի նպատակը ԼՂ գոտում խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններն էին, նա ասաց, որ դեռևս 1994 թվականին էր Ռուսաստանն առաջարկում ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայել, 1995թ. արդեն Մոսկվայում խոսակցություններ կային այդ մասին: «Խաղաղապահների մասին խոսակցություն գնում է շատ վաղուց, հանգուցյալ Պավել Գրաչովն ինձ անձամբ էր ասել այդ մասին 1995թ. , սակայն հակամարտության կողմերը չհամաձայնեցին դրան: Հիմա ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորությունը զրոյական է, քանի որ Ադրբեջանը դրան չի համաձայնի. չէ՞ որ դա հակամարտությունը կսառեցնի ևս մի քանի տասնյակ տարով: Հայաստանը միգուցե համաձայնի»,- ասաց Ֆելգենգաուերը՝ ըստ էության ներկայում այդ հնարավորությունը բացառելով:

 

 

 

“KarabakhİNNFO.com”

 

 

 

11.10.2014 14:18

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*