Հայերեն

Պավել Ֆելգենգաուեր. «Հայաստանը կարևոր է, բայց նաև շատ կարևոր է Ադրբեջանը»

11.07.2014 | 10:58

загруженное (1)Պավել Ֆելգենգաուեր. «Հայաստանը  կարևոր է, բայց նաև շատ կարևոր է Ադրբեջանը»

 

KarababakhİNFO.com –ը վկայակոչելով  1in.am-ին հրապարակում է ռուսաստանցի վերլուծաբան, ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

– Պարոն Ֆելգենգաուեր, հայտնի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու մասին՝ ելնելով առաջին հերթին անվտանգության նկատառումներից. չէ՞ որ ընդունված է ասել, որ Ռուսաստանն է Հայաստանին տրամադրում անվտանգության երաշխիքներ: Սակայն այդ անվտանգության երաշխիքները երբեք գործնականում չեն ապահովում ՀՀ անվտանգությունը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, գոյություն ունի հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագիր, որում ամրագրված են այդ երաշխիքները, և թե որ դեպքում պետք է դրանք ուժի մեջ մտնեն: Հայտնի է, որ այս օրերին բավականին լարված է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը, և սահմանային հայկական գյուղերը ադրբեջանական կրակահերթերի տակ են: Ինչո՞ւ ուժի մեջ չեն մտնում ռուսական անվտանգության երաշխիքները:

– Այդ երաշխիքներն ամրագրված են համապատասխանաբար ՀԱՊԿ համաձայնագրերում: Դրանց համաձայն՝ պետք է որ սկսվեն խորհրդակցություններ լուրջ սպառնալիքի դեպքում, բայց որքան ես եմ հասկանում՝ ռուսական անվտանգության երաշխիքները չեն վերաբերում Ղարաբաղին: Օրինակ՝ դա ինչ-որ չափով վերաբերում է Թուրքիային, Հայաստանում ռուսական զորքերը երաշխավորում են Հայաստանին Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիայից, սակայն Ղարաբաղն ընդգրկված չէ ՀԱՊԿ-ում, ուստի չի ընդգրկվելու ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներում: Այնպես որ՝ Ղարաբաղյան հակամարտության դեպքում և Ղարաբաղի դեպքում ոչ մի գործընկերային հարաբերություն և պարտավորություն չի գործում:

– Խնդիրն այն է, որ ռուսաստանցի պաշտոնյաները երբեք լրջորեն չեն դիտարկում այն հարցը, որ ադրբեջանական կրակահերթերի տակ հիմնականում հայտնվում է ոչ թե Ղարաբաղը, այլ հայկական գյուղերը: Վերջին շրջանում ակտիվացել են կրակահերթերը նաև սահմանի Նախիջևանի հատվածից: Այս դեպքո՞ւմ ինչու չկա արձագանք:

– Այս դեպքում սկզբունքորեն պետք է որ ՀԱՊԿ նորմերն իրենց ուժը ստանան: ՀԱՊԿ կանոնադրությունը գրվել է՝ հիմքում ունենալով Վաշինգտոնյան համաձայնագիրը, ՆԱՏՕ-ն: Այնտեղ շատ հստակ կերպով ամրագրված է, որ կողմերը պետք է անցկացնեն խորհրդակցություններ: Այնպես որ՝ դե յուրե ՀՀ տարածքները Ռուսաստանի համար համարվում են գործընկերային, ուստի պետք է ենթադրել, որ Ռուսաստանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, առավել ևս, երբ ՀՀ-ում կան ռուսական զինված ուժեր, սահմանապահներ, ավիացիա և այլն: Ռուս սահմանապահներ չկան Նախիջևանում, բայց Թուրքիայի հետ սահմանին կան: Ինչպե՞ս իրեն կդրսևորի Մոսկվան, եթե Ղարաբաղում վերսկսվեն լուրջ ռազմական գործողություններ, եթե դրանք տարածվեն մինչև Նախիջևան: Օրինակ՝ 90-ական թվականների բախումների ժամանակ կային միջադեպեր նաև Նախիջևանի հետ, բայց սկզբունքորեն այդ հատվածում հանգիստ էր: Ակնհայտ էր՝ ակնկալվում է, որ այդպես էլ լինելու է: Ընդհանուր առմամբ ուղիղ պարտավորություններ Ռուսաստանը չունի: Ներկայում Հայաստանը միանալու է եվրասիական պրոյեկտներին առանց Ղարաբաղի, քանի որ Մոսկվան չի պատրաստվում կտրուկ կերպով վատթարացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Եթե այնտեղ սկսվեն լուրջ բախումներ, Մոսկվայում կսկսեն մտածել, կջանան այնպիսի աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճգնաժամ չառաջանա, բայց ավտոմատ կերպով Ռուսաստանի ներգրավում հայ-ադրբեջանական հակամարտության կամ փոխադարձ կրակահերթերի դեպքում դժվար է պատկերացնել: Թեև վերջնական որոշումները կայացվելու են Կրեմլում: Բայց մինչ այդ, քանի որ մենք չենք ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացում, եղավ հստակ որոշում այն մասին, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն առանց ԼՂ-ի, ինչպես ՀԱՊԿ՝ առանց ԼՂ-ի:

– Պարոն Ֆելգենգաուեր, օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանը աջակցելու հարցով չի դիմում ՀԱՊԿ-ին՝ հայկական գյուղերի վրա կրակահերթերի համար: Այսինքն՝ ՀԱՊԿ ընթացակարգը ենթադրում է անդամ երկրի կողմից աջակցության դիմում, այլապես ՀԱՊԿ-ը չի միջամտում և չի իրականացնում իր պարտավորությունները:

– Այս համաձայնագրերն արտագրված են 1949թ. Վաշինգտոնյան համաձայնագրից, որը ձևավորել է ՆԱՏՕ-ն: Այդ փաստաթղթերում ֆիքսված է, որ անդամ որևէ երկրի վրա հարձակումը հարձակում է ողջ կազմակերպության վրա, բայց դա չի ենթադրում, որ կազմակերպությունը ավտոմատ կերպով մտնում է հակամարտության մեջ: Ուստի ՀԱՊԿ-ում ամրագրված է, որ եթե անդամ երկրներից որևէ մեկը հարձակման է ենթարկվում, պետք է անցկացվեն խորհրդակցություններ: Հասկանալի է, որ ՀԱՊԿ հեռու անդամ երկրները այդ ամենի հետ իրական կապ չեն ունենալու, նրանք ոչնչով չեն կարող օգնել: Օրինակ՝ երբ Ռուսաստանի սահմանին, պայմանավորված ուկրաինական ճգնաժամով, կան կրակահերթեր, Ռուսաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին և, այնուամենայնիվ, չի էլ դիմելու, այդպես էլ Հայաստանը չի դիմում, քանի որ իրական հակամարտություն դեռ չկա: Ամեն դեպքում, եթե լինեն լուրջ բախումներ, ապա ոչ միայն ՀԱՊԿ-ի միջոցով, այլև ուղիղ Մոսկվայի միջոցով՝ միգուցե ոչ պաշտոնական համաձայնություններով, տրամադրվի այդ աջակցությունը: Ես այդպես եմ պատկերացնում: Որքան հնարավոր է, Ռուսաստանը փորձելու է չմիջամտել: Իսկ եթե ամեն ինչ շատ լրջանա, ապա Մոսկվայի ու Երևանի միջև կարող են սկսվել ոչ պաշտոնական խորհրդակցություններ: Սկզբունքորեն Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես գործընկեր, սակայն Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է, թեև վերջին շրջանում մենք դժգոհություններ ունենք, որ շատ է մոտեցել Արևմուտքին, բայց այդ դժգոհությունն այնքան չէ, որպեսզի մենք վերացնենք հարաբերությունները կամ Բաքվի հետ բաց դիմակայության գնանք: Մոսկվան և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ ջանում է լավ հարաբերություններ պահպանել, քանի որ մեզ հետաքրքրում են ոչ թե հայ-ադրբեջանական վեճերը, այլ Անդրկովկասում ռուսական ազդեցության հաստատումը: Հայաստանը կարևոր է, բայց Ադրբեջանը ևս կարևոր է:

– Արդեն հստակ կարելի է ասել, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածաշրջանում զբաղվում է չկարգավորված հակամարտությունների մենեջմենթով, հետաքրքրված է դրանց պահպանման մեջ չկարգավորված տեսքով: Ըստ Ձեզ՝ մինչև ե՞րբ Ռուսաստանը կարող է շարունակել այս քաղաքականությունը, և ե՞րբ Ռուսաստանը կձգտի կայունության և հակամարտությունների կարգավորման:

– 90-ական թվականներից օգտագործվում է սառեցված հակամարտությունների համակարգը Մոսկվայի կողմից ազդեցության լծակների պահպանման համար հակամարտության երկու կողմերի նկատմամբ. Մերձդնեստր, Ղարաբաղ՝ իսկապես, սա դարձել է սովորական բան: Թեև չի կարելի ասել, թե Մոսկվան երբեք չի ցանկացել կարգավորել ԼՂ հակամարտությունը, քանի որ ձեռնարկվել էին միջոցներ մի քանի տարի առաջ ռուսական միջնորդական ջանքերի ներքո, բայց ոչինչ չստացվեց, և հիմա հասկանում են, որ ոչինչ չի ստացվի: Տաք պատերազմն այս գոտում ընդհանրապես Ռուսաստանի շահերից չի բխում, առավել ևս՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանին գրեթե ազատ ուժեր չեն մնացել՝ օգտագործելու համար Անդրկովկասում սրման դեպքում: Ռուսաստանը մի քանի ճակատներում կռվելու ոչ ուժ և ոչ էլ միջոց ունի: Ռուսաստանը ներկայումս ստատուս քվոյին այլընտրանք չի տեսնում՝ դա միանշանակ է: Ռուսաստանը այսօր այդ մասին մտածելու ոչ մի ռեսուրս չունի:

– Այսինքն` Ռուսաստանը չի՞ գնա ուղղորդված սրացման այս գոտում՝ թեկուզ հենց Արևմուտքի դեմ:

– Դա քիչ հավանական է: Քանի դեռ Ուկրաինայում իրավիճակը չի հանգուցալուծվել, Մոսկվային պետք չէ որևէ սրացում, լարվածության նոր օջախ Անդրկովկասում:

– Հայաստանը այսօր եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու ճանապարհին է, սակայն այդ ճանապարհը կձգվի մեկ տարուց ավելի: Մեղադրանքներ են հնչում Մոսկվայի, ապա Աստանայի հասցեին, թե այդ երկրները խոչընդոտում են Հայաստանի ինտեգրացիոն գործընթացին: Ո՞րն է խնդիրը, եթե Ձեր կարծիքով՝ կա խնդիր:

– Սերժ Սարգսյանը փորձում էր Ղարաբաղի հետ պայմանավորվել, սակայն ստացվեց այնպես, որ Աստանան դեմ գնաց դրան, և լարվածություն առաջացավ դրա շուրջ, քանի որ որոշումները միաձայն պետք է ընդունվեն: Իհարկե, Մոսկվան ողջունում է Հայաստանի պրոռուսական ընտրությունը, բայց խնդիրները շատ են ու անընդհատյա բնույթ են կրում: Օրինակ՝ վերջին խնդիրը տարաձայնությունն էր Ռուսաստանի և Բելառուս- Ղազախստանի հետ ուկրաինական ապրանքների համար մաքսատուրքերը բարձրացնելու շուրջ: ՄՄ-ում շատ են առաջանում լուրջ ու մեծ խնդիրներ: Հայաստանը, նաև Ղազախստանն ու Բելառուսը պետք է համակերպվեն, որ այնտեղ ամեն ինչ բավական բարդ է, բանակցությունները բավականին կտրուկ բնույթ են ունենալու:

– Այսինքն` Հայաստանը պետք է հանգստությա՞մբ ընկալի այն, որ գործընթացը ձգձգվում է, քանի որ ի վերջո միանալու է:

– Այստեղ համաձայնեցված որոշումների ընդունման մեխանիզմն այնքան լավ չէ մշակված, որքան Բրյուսելում: Երկար տարիների ընթացքում լուրջ մեխանիզմներ են ներդրվել, որոնք հաջողությամբ կիրառվում են: ՄՄ-ում լինում են լուրջ վեճեր, որոնք հետո լուծում են գտնում նախագահների մակարդակով հանդիպումների ընթացքում, միշտ հաջողվում է լուծում գտնել, բայց դժվարությամբ: Մեզ մոտ սրա հետ կապված խնդիրները մեծ են: Ամեն անգամ նախագահներին ևս խառնելը ճիշտ չէ: Նման է ԱՊՀ-ին: Հետխորհրդային տարածքում միշտ են խնդիրներ առաջանում՝ կապված ինտեգրացիոն պրոյեկտների հետ, հատկապես սառեցված ՄՄ-ի դեպքում, քանի որ այն այդպես էլ չի դառնում Մաքսային միություն: Մի երկրի տրվում են մեծ բացառություններ, ու առաջանում են լուրջ խնդիրներ:

– Ապագայում այս խնդիրներն, ըստ Ձեզ, կլուծվե՞ն:

– Մշակելու են ինչ-որ բան: Հայաստանի որոշումը քաղաքական էր, Հայաստանը պետք է իրականացնի Մոսկվայի պայմանները, իսկ ԵՄ-ի հետ հարաբերությունները չեն կարող լինել Մոսկվայի կամքին դեմ: Դա քաղաքական որոշում է, բյուրոկրատական խնդիրներ են լինելու, սա կապված է բյուրոկրատիայի բարձր արդյունավետության հետ:

 

 

“KarabakhINFO.com”

11.07.2014 10:58

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*