Հայերեն

“Պուտինին շրջապատում են “գողեր եւ կոռուպցիոներներ”,- ասել է Գորբաչովը

13.03.2013 | 12:16

1363162510_qarbԽորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը BBC-ին տված հարցազրույցում քննադատել է Ռուսաստանի նախագահին եւ հատկապես Վլադիմիր Պուտինի Կրեմլ վերադառնալուց հետո ընդունված նոր վիճահարույց օրենքները։ 

“Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ, 82-ամյա Գորբաչովը քննադատել է, մասնավորապես, Կրեմլի նախաձեռնած այն օրենքները, որոնք արգելում են չարտոնված հավաքները, մեծ տույժեր են սահմանում մամուլում զրպարտության համար, զգալիորեն սահմանափակում են խոսքի ազատությունը նույնիսկ ինտերնետում։

Հունվարին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում նշել էր, որ 2012-ը մարդու իրավունքների եւ ազատությունների առումով վատագույն տարին էր հետխորհրդային Ռուսաստանում։

Նույն քննադատությամբ իր հարցազրույցում հանդես է եկել նաեւ Միխայիլ Գորբաչովը։

“Վերջին շրջանում ընդունված օրենքները սահմանափակում են մարդու իրավունքները Ռուսաստանում։ Պետք չէ վախենալ սեփական ժողովրդից”, – BBC-ին ասել է Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ նախկինում` Պուտինի նախագահության առաջին տարիներին, աջակցում էր նրան։

Միխայիլ Գորբաչովը քննադատում է Ռուսաստանի նախագահին նաեւ այն բանի համար, որ վերջինիս շրջապատում են “գողեր եւ կոռուպցիոներներ”։

Խորհրդային պետության առաջին եւ վերջին նախագահն առիթը բաց չի թողնում եւ հաճախ է քննադատում Ռուսաստանի իշխանություններին։

Թեեւ ռուսաստանցիների մեծ մասը այսօր Գորբաչովին, մեղմ ասած, չեն սիրում եւ մեղադրում են ԽՍՀՄ-ը փլուզելու մեջ, նա չի հուսահատվում։ BBC-ին տված հարցազրույցում նա ուրախությամբ նշել է, որ իր վերջին գիրքն ամբողջովին վաճառվել է, եւ հույս է հայտնել, որ ռուսաստանցիների նոր սերունդը պատմության եւ մասնավորապես, իր մասին ուրիշ կարծիք կունենա։

 

13.03.2013 12:16

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*