Հայերեն

Պ. Ֆելգենգաուեր. Հայաստանը ոչ թե ամրապնդել է իր անվտանգությունը, այլ խուսափել է Ռուսաստանի պատժից

17.11.2014 | 12:03

0688E36C-A254-4EE4-B124-79451DA3997A_mw1024_mh1024_sՊարոն Ֆելգենգաուեր, երկու օր առաջ Ադրբեջանի զինուժը ոչնչացրեց հայկական ռազմական ուղղաթի: Այս փուլում այս դեպքը Դուք ինչպե՞ս եք բացատրում:
– Եթե անկեղծ խոսենք, ապա Սոչիից սկսած՝ նախագահական հանդիպումները փոքր-ինչ հանդարտեցրին լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում, բայց ոչ էական կերպով: Այդ հանդիպումների ընթացքում որևէ սկզբունքային համաձայնություն ձեռք չբերվեց, ոչ մի առաջընթաց չարձանագրվեց: Իրավիճակը մնում է ծայրաստիճան վտանգավոր՝ էլ ավելի սրվելու հակվածությամբ: Ներկայում լարվածության նոր ալիքը շատ հնարավոր է: Բնականաբար, հայկական կողմը կցանկանա պատասխան հարված հասցնել, իսկ Ադրբեջանը հայտարարել է, որ խոցելու է ԼՂ օդային տարածքում թռչող սարքերը, իսկ սա վտանգավոր է, լի անկանխատեսելի հետևանքներով:

 
Հրադադարի ռեժիմը քիչ-քիչ վերանում է: Դրա պատճառները շատ տարբեր են: Յուրաքանչյուր կողմ պատրաստ է պատերազմի և հետագա լարումների, թեև սա դանդաղ է տեղի ունենում, բայց այն ակնհայտ է: Արձանագրվել է ոչ միայն որևէ տեսակի առաջընթացի բացակայություն, այլև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ քննարկումների բացակայություն ևս: Ժամանակի հարց է, թե երբ էսկալացիան կվերածվի ռազմական գործողությունների: Պուտինի հետ հանդիպումը էական ոչինչ չի փոխել:

 
– Ի՞նչն է խոչընդոտում այսօր հակամարտող կողմերին և ՄԽ-ին արդյունավետ բանակցություններ վարել և բեկում գրանցել: Մի շարք փորձագետներ լարվածությունը կապում են ուկրաինական ճգնաժամի և այնտեղ Ռուսաստանի զբաղվածության հետ՝ պնդելով, թե Ադրբեջանը հույս ունի, որ Ռուսաստանը չի վերահսկի իրավիճակի լարումն այս գոտում:

 
– Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամից հետո ևս չէր վերահսկում այնտեղ ամեն ինչ: Ես մի քանի ամիս առաջ խոսեցի թուրք փորձագետների հետ, որոնք մասնագիտացած են ԼՂ հակամարտության մեջ և մտածում են, որ այնտեղ ոչինչ չի պատահի, եթե պատահի, ապա դա կանի Ռուսաստանը: Իրականում ՌԴ դերակատարությունը, իհարկե, մեծ է, բայց այն պետք չէ չափազանցել:

 

 
Վերջնարդյունքում Ռուսաստանը չէ, որ հրաման է տալիս ուղղաթիռ ոչնչացնել: Մյուս կողմից՝ այնտեղ սկսվել է «Դուք մեզ եք հարվածում, մենք՝ Ձեզ» քաղաքականություն, և սա շատ տհաճ ու վտանգավոր քաղաքականություն է, որը կարող է հանգեցնել անվերահսկելի լարվածության: Իսկ քաղաքական լուծման հեռանկարներ չկան:

 
Մոտավորապես 5 տարի առաջ կային կարգավորման ուղղությամբ որոշակի քննարկումներ, նույնիսկ որոշակի հեռանկարներ, իսկ այսօր ծրագրեր նույնիսկ չկան: Կա միայն կտրուկ հռետորաբանություն՝ հատկապես կտրուկ ադրբեջանական կողմից, կողմերը զինվում են, պատրաստվում պատերազմի, հատկապես ակտիվ կերպով զինվում է Ադրբեջանը, թեև Հայաստանը ևս որոշակիորեն պատրաստվում է, և այս պայմաններում՝ խաղաղ կարգավորման հեռանկարների բացակայության պայմաններում նման միջադեպերն անխուսափելի են: Հատկապես վտանգավոր է, երբ ուղղաթիռը խոցած զինվորականն Ադրբեջանում շքանշանների արժանացավ, մյուսները կիմանան, որ նման քայլերը կարժանանան գովասանքների, այսինքն՝ եթե սպանես հայ, կստանաս պարգևատրություն, որն էլ կհանգեցնի միջադեպերի աճի, կլինեն պատասխան քայլեր հայկական կողմից: Այսինքն՝ ամեն բան շատ վատ է, և հրադադարը կարող է միանգամից վերանալ այս ամենի հետևանքով:

 

 
Ի դեպ, ասեմ, որ սա Մոսկվային ամենևին էլ պետք չէ: Թե որքանով Ռուսաստանը կկարողանա ներազդել իրավիճակի վրա՝ չեմ կարող հստակ ասել, քանի որ Ռուսաստանի առաջնահերթություններն ու ուշադրությունն այսօր այլ տեղում են կենտրոնացած:

 

 
– Դուք պնդում եք, որ Մոսկվային ձեռնտու չէ հրադադարի խախտումը և վերացումը, իսկ Արևմուտքին ձեռնտու չէ՞ արդյոք հրադադարի վերացումը և նոր հրադադարի հաստատումը իրենց ջանքերի արդյունքում:

 

 
– Դա Արևմուտքին ևս անհրաժեշտ չէ: Արևմուտքում Ղարաբաղին ոչ ոք լուրջ չի ընդունում, նույնիսկ թուրքերը, ինչպես նշեցի, իրավիճակին լավ չեն տիրապետում: Ես Բուխարեստում մի կոնֆերանսի մասնակցեցի, ներկա էր բավականին հզոր թուրքական պատվիրակություն, սկսեցի թուրքերի հետ Ղարաբաղից խոսել, ովքեր ևս, լինելով տարածաշրջանից, տեղյակ չէին ԼՂ հակամարտության մանրամասներից: Իսկ արևմտյան փորձագետներն առավել ևս ոչինչ չգիտեն Ղարաբաղի մասին: Թուրքերը նույնիսկ չգիտեն, թե Թուրքիան ինչ դիրքորոշում կունենա, եթե Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ սկսվի: Թուրք փորձագետները նույնիսկ չեն ենթադրում, որ այնտեղ պատերազմ կարող է սկսվել:

 

 
Առավել ևս իրավիճակն անհուսալի է Արևմուտքում: Այնտեղ ոչ ոք այդ մասին չի մտածում: Այնտեղ մտածում են, որ Ղարաբաղում միշտ են կրակել, այնտեղ միշտ են կրակոցներ հնչել: Իսկ եթե լուրջ որևէ գործողություն սկսվի, ստիպված կլինեն ինչ-որ բան անել, բայց հիմա ոչ ոք դրանով չի զբաղվում: Կան ըստ էության առանձին փորձագետներ, նրանք էլ արդեն փոքրաթիվ են, ոչ ոք լուրջ չի մտածում Ղարաբաղի մասին, այնինչ իրավիճակն իսկապես վտանգավոր է և ծայրահեղ փխրուն: Ողջ աշխարհը մտածում է «Իսլամական պետության» վտանգի մասին, իսկ Ձեր մասին կարծես թե աշխարհը մոռացել է:

 
– Պարոն Ֆելգենգաուեր, եթե աշխարհը մոռացել է Ղարաբաղի մասին, ապա ի՞նչ է մտածում այդ մասին ՌԴ-ն: Արևմուտքի դիրքորոշումը հնարավոր է ինչ-որ կերպ արդարացնել, քանի որ Հայաստանը, ելնելով իր անվտանգության խնդիրներից՝ ինչպես մեկնաբանում են ՀՀ իշխանությունները, որոշեց միանալ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին՝ ամրացնելու Ռուսաստանի տրամադրած անվտանգության երաշխիքները: Այս օրերին, իհարկե, միջադեպին արձագանքեցին թե ՀԱՊԿ-ը, թե ՌԴ ԱԳ ներկայացուցիչները, բայց էականորեն ինչպե՞ս է ամրապնդվել Հայաստանի անվտանգությունը, որտե՞ղ են երաշխիքները, որոնց համար Հայաստանը հրաժարվեց եվրոպական պրոյեկտներից: Ի՞նչ պարտավորություններ ունի Ռուսաստանը:

 

 
– Ես կարծում եմ, որ ոչ մի էական բան չի փոխվել այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարել է եվրասիական պրոյեկտներին միանալու մասին: Հայաստանին սպառնում էին, որ եթե ստորագրի ԵՄ-ի հետ ԱՀ-ն, ապա կպատժվի, եթե չստորագրի և ստորագրի Ռուսաստանի հետ, ապա չի պատժվի: Այսինքն՝ Հայաստանը խուսափեց պատժից, ստացավ նույն գնով գազ, ինչ նախկինում: Իսկ սկզբունքորեն ԵՏՄ անդամակցությունը և այդ որոշումը որևէ կերպ չեն անդրադառնում ԼՂ հակամարտության վրա: Սա ընդգծվել է, և Նազարբաևի նախաձեռնությամբ ևս մեկ անգամ բարձրաձայնվեց, որ այդ բոլոր փաստաթղթերը վերաբերում են Հայաստանին և ոչ՝ Լեռնային Ղարաբաղին: Ռուսաստանին Հայաստանը չէ միայն, որ հետաքրքրում է, Լեռնային Ղարաբաղը չէ, որ հետաքրքրում է, այլև ամբողջ տարածաշրջանը միասին: Ռուսաստանը նպատակ ունի այստեղ դոմինանտ դիրքեր հաստատել՝ Անդրկովկասը վերածելով ռազմավարական հզոր հենարանի: Մենք ամրացնում ենք մեր դիրքերը, բազաներ ենք ձևավորում, ընդլայնում ենք առկա բազաները, Ուկրաինան մեզ ևս հետաքրքիր է՝ որպես պաշտպանական գոտի:

 

 
Այսինքն՝ խոսքը հակամարտության որևէ կողմին պաշտպանելու մասին չէ, այլ որպեսզի այս ողջ տարածաշրջանը դառնա ռուսական ազդեցության գոտի, ինչպես սովետական շրջանում, երբ բոլորը միասին խաղաղ ապրում էին: Նախկինում լավ էր, հիմա ևս լավ կլինի: Հայաստանը միացել է՝ լավ է արել, բայց դա ամենևին էլ բավարար չէ, դա չի նշանակում, որ Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին՝ ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի դեմ՝ միգուցե, այնտեղ Ռուսաստանը տալիս է երաշխիքներ և բավականին ուժեղ, բայց ԼՂ-ի վրա դա չի տարածվում: Ռուսաստանին հետաքրքրում է, որ Հայաստանը ստորագրել է, լավ է արել, պետք է, որ այլք ևս ստորագրեն:

 

 
Եթե սկսվի պատերազմ, բոլոր կենտրոնները կսկսեն անհանգստանալ, սակայն երաշխավորված աջակցել Հայաստանին ԼՂ հակամարտության կարգավորման համար, Ռուսաստանը չի անի, Ռուսաստանը կոչ կանի, որ համաձայնության գան, դադարեցնեն կրակը, բայց որ Ռուսաստանը ռազմական պայքարի մեջ կմտնի Հայաստանի հետ Ադրբեջանի դեմ ԼՂ-ի պաշտպանության համար, դա, ըստ էության, բացառված է: Ռուսաստանի տված անվտանգության երաշխիքները շրջանցում են Ղարաբաղը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

 

 

 

17.11.2014 12:03

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*