Հայերեն

Ռուբեն Հախվերդյան. “Քաղաքում մի քանի պադյեզդ երեւանցի ենք մնացել”

18.12.2012 | 10:38

1355812652_400px-yerevan-cascades-raffi_kojian-dcp_1934Երեկ “Արամ Խաչատրյան” համերգասրահում Ռուբեն Հախվերդյանի համերգն էր: Թեեւ այն ո’չ գովազդվել էր եւ ո’չ էլ մեծ աֆիշով ազդարարել իր գոյության մասին, դահլիճը լիքն էր, ինչպես միշտ (ի դեպ, սեպտեմբերի 12-ին նույնպես Հախվերդյանը համերգ էր տվել, որի տոմսերը սպառվել էին համերգից դեռ օրեր առաջ): Թե ինչպես անցավ համերգը, կհասկանան նրանք, ովքեր գոնե մեկ անգամ ներկա են եղել Հախվերդյանի համերգին: Ներկայացնեմ այն խոսքերը, որոնք կատարումից առաջ կամ հետո ասում էր Հախվերդյանը:

 

– Ինձ համար զարմանալի է, որ չեք ձանձրանում ու գալիս եք համերգներիս:

 

– Քաղաքում մի քանի պադյեզդ երեւանցի ենք մնացել:

 

– Աշխարհի ամենահարուստ մարդն եմ, քանի որ հայերեն եմ երգում: Էն, ինչ որ ես անում եմ, սիրո բացատրություն է հայերեն լեզվին:

 

–  Այսօր երգերի նենց առատություն է եւ նենց տխմարություն է երգերի բառերում իշխում: Ինձ համար զարմանալի է, որ ասում են՝ չեմ լսում ձեր ծափերը, չեմ տեսնում ձեր ձեռքերը, միգուցե ոտքե՞րը տեսնեք: Ես նման երգերն անվանում եմ “Ջան-ջան-ջան, բադրջան”, նրանք աղքատացնում են մեր լեզուն: Հիմա նայում են ոչ թե ինչ են երգում, այլ՝ ինչպես: Շնորհակալ եմ, որ դահլիճը լիքն է, քանի որ դուք ինձ “դուխ” եք տալիս, որ շարունակեմ ստեղծագործել:

 

– Ընկերներիցս մեկն ասում էր, թե Ռուբոն նենց խորամանկ է, որ համերգներին` տեղ կա, լավ չի երգում, բայց նենց երաժիշտների է բերում, որ էդ տեղերը լցնում են: Ինչքան էլ լավ երգես, եթե չես ապրում, չես տա էն էներգիան, որը ծափերի միջոցով պետք է հետ ստանաս:

 

– Երգելն իմ հոբբին է, իմ աշխատանքը… ապրելն է:

 

– Էս երգերը իմ երգերը չեն, ձերն են, ուղղակի ինձ հնարավորություն է տված, որ դրանք պատմեմ ձեզ:

– Ընկերներիցս մեկին ասում եմ, թե, արա, ինչ ափսոս ա, չէ, որ կոնսերվատորիա չընդունվեցի, նոտա չգիտեմ, ինքն էլ թե՝ Ռո’ւբ ջան, եթե կոնսերվատորիա ավարտեիր, չէիր երգի:

– Ես հիշում եմ, որ մութ ու ցուրտ տարիներին, երբ հոսանքը գալիս էր, լույսն, իրոք, լույս էր տալիս, հիմա նենց գներ են դրել հոսանքի վրա, որ մարդիկ ափսոսում են լույսը միացնել:

 

– Սովետը չի վերացել, սովետը շարունակվում է, ուղղակի հիմա “24”-ի մատոռով “Մերսեդեսներ” են հայտնվել քաղաքում:

 

Երգահան, երգչուհի Արմինե Հայրապետյան.- Ես մեծացել եմ Հախվերդյանի երգերով, ես դաստիարակվել եմ այդ երգերով: Հնարավոր չէ ապրել լույսի մեջ ու այդ լույսից պատառիկ չվերցնել: Ամբողջ համերգի ընթացքում հուզվում էի, վերապրում յուրաքանչյուր երգը: Հախվերդյանի երգերն ուղղակի երգեր չեն, դրանք ոչ միայն Հախվերդյանի կենսագրությունն են, այլ նաեւ ես ստեղծագործում եմ այդ երգերով եւ շարունակում դրանց միտքը: Ինձ համար չափազանց խորիմաստ եւ խորհրդանշական է “Փոքրիկ նավակը”, ես իսկապես շատ հուզվեցի այդ երգի ժամանակ:

 

Գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցի.- Ես շատ եմ սիրում մեր մտավորականներին, քանի որ նրանք խոսում են ժողովրդի անունից, սիրում ժողովրդին եւ ապրում ժողովրդի համար: Նրանցից մեկն էլ Հախվերդյանն է: Արարելը, ըստ իս, ամենամեծ արվեստն է, կյանքի իմաստը, ինչով էլ ապրում է Հախվերդյանը, իր գերդաստանը, մենք: Նրա լիրիկական ստեղծագործություններն ինձ շատ հոգեհարազատ են: Մենք շատ խորը ժողովուրդ ենք եւ մեր հոգու խորությունը պետք է միշտ պահպանենք, ինչին նպաստում է Հախվերդյանը՝ իր ստեղծագործություններով:

Երգահաներգիչ Դավիթ Ամալյան.- Ինչ իր համերգին զգացել եմ 10-րդ դասարանում, նույն զգացողությունն էլ հիմա ունեցա. բան չի փոխվել. ժամանակն է փոխվել, Ռուբոն մնացել է նույնը:

 

Yerkir.am

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

18.12.2012 10:38

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*