Հայերեն

Ստեփան Գրիգորյան. «Ռուսաստանն արդեն առանց մեզ Ադրբեջանի հետ քննարկում է Ղարաբաղի հարցը»

24.06.2014 | 17:29

1403616537_stepanՄեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Հովիկ Աբրահամյանն ասել է, որ առնվազն մինչև հուլիսի 3-ը Հայաստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

Այս հետաձգումն ինչո՞վ է պայմանավորված՝ տեխնիկական խնդիրներո՞վ, թե՞ դա Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն է: Այս մասին հաղորտում է “KarabakhİNFO.com” –ը վկայակոչելով lragir.am – ին: Ես մայիսի 29-ից հետո մի քանի անգամ խոսել եմ այն մասին, որ Հայաստանի՝ Եվրասիական միության անդամակցության տրամաբանությունը շատ է թուլացել: Բանն այն է, որ մինչև մայիսի 29-ը Հայաստանի իշխանություններն շտապում էին, որ դառնան Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ: Երբ Հայաստանի իշխանությունները սեպտեմբերի 3-ից հետո որոշեցին մտնել եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մեջ, տրամաբանությունն այն էր, որ որքան հնարավոր է արագ դառնալ Եվրասիական միության հիմնադիր անդամ, քանի որ եթե դառնում ես այդ միության հիմնադիր անդամ, դա թույլ է տալիս ունենալ վետոյի իրավունք և այլ արտոնություններ: Մայիսի 29-ից հետո, երբ մեղմ ասած Հայաստանին չընդունեցին ԵՏՄ և ցույց տվեցին, որ պատրաստ չեն մեզ ընդունել, այդ գործընթացներն արհեստականորեն արագացնելու տրամաբանությունից դուրս մղվեցին: Այսինքն՝ Հայաստանի ցանկության հետ է կապված Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետաձգումը, քանի որ մեր երկիրը կորցրեց ԵՏՄ հիմնադիր անդամ դառնալու հնարավորությունը, և այլևս ակտուալ չէ, թե երբ Հայաստանը կանդամակցի այդ միությանը: Երկրորդ փաստարկն այն է, որ բարձրացվեցին Ղարաբաղի հետ կապված խնդիրներ, և ակնհայտ է, որ Հայաստանն այնքան էլ պատրաստ չէ մտնել այդ միության մեջ առանց Ղարաբաղի: Իսկ եթե մենք ուզում ենք Ղարաբաղի հետ անդամ դառնալ, պարզ է, որ կողմերը պետք է գան ընդհանուր հայտարարի, թե ինչ ձևակերպում տան այդ փաստին, որ առանց Ղարաբաղի է Հայաստանը մտնում այդ միություն: Օրինակ՝ մենք առաջարկել ենք, որ եթե Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ, ապա մի լրացում պետք է արվի՝ շեշտը դրվում է նրա վրա, որ Ղարաբաղի հարցը լուծվում է Մինսկի խմբի շրջանակներում: Այսինքն՝ երկրորդ փաստարկը կապված է նրա հետ, որ նախ Հայաստանը պատրաստ չէ անդամակցել առանց Ղարաբաղի, մյուս կողմից ԵՏՄ անդամ 3 երկրները չգիտեն, թե ինչ ձևակերպում տան կամ ինչ փոփոխություն կատարեն Հայաստանին այդ միություն ընդունելու ժամանակ: Երրորդ գործոնը կապված է ազատությունների հետ: Ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանն ու Բելառուսը պահանջում են մեր երկրում սահմանափակել ազատությունների աստիճանը: Դրա մասին շատ է խոսվել, նաև այստեղի ռուսաստանյան պաշտոնյաները հայտարարում են, թե ի՞նչ է ձեզ մոտ կատարվում, որ ինչ-որ կազմակերպություններ, փորձագետներ այլ կարծիք ունեն: Ահա սրանք այն երեք գլխավոր խոչընդոտներն են, որոնց պատճառով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հետաձգվում է: Իհարկե կան նաև իսկապես տեխնիկական խնդիրներ, օրինակ ինչ-որ չափորոշիչներ կան առևտրի ու տնտեսության հետ կապված, որոնց համապատասխանությունը երկարատև գործընթաց է: Բայց այդ 4-րդ գործոնը գլխավորը չէ: Պարոն Գրիգորյան, իսկ հնարավո՞ր է զարգացումներն այն ուղղությամբ գնան, որ Հայաստանն այդպես էլ ԵՏՄ անդամ չդառնա կամ չցանկանա դառնալ: Կարծում եմ՝ այո, այդ հավանականությունը կա, քանի որ եթե զուտ տնտեսական տեսանկյունից նայենք՝ մոռանալով քաղաքական խնդիրների մասին, ապա մի շարք հարցերում, առևտրական ապրանքատեսակների հետ կապված, որոնց ցուցակը բավական մեծ է, իրոք գների աճ է սպասվում: Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը մի շարք ոլորտներում տնտեսական խնդիրների առջև կկանգնի, քանի որ ՄՄ-ի խաղի կանոնները չեն համընկնում Հայաստանի խաղի կանոնների հետ: Պետք չի մոռանալ, որ Հայաստանը վաղուց է աշխատում Եվրոպայի հետ, Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը հենց ԵՄ-ն է, մեծ առևտուր ունենք Թուրքիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ, որոնք կապ չունեն ոչ Ռուսաստանի, ոչ էլ Բելառուսի և Ղազախստանի հետ: Դա նշանակում է, որ եթե մենք ՄՄ-ի անդամ ենք դառնում, մոտ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերը, հետևաբար նաև գները կբարձրանան: Տնտեսական խոչընդոտներից գլխավորը դա է: Ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունն այդքան հեշտությամբ կգնա դրան: Եթե այս խնդիրները գումարում եք քաղաքական խնդիրներին, պարզ է դառնում, որ մեր անդամակցությունը ՄՄ-ին ընդհանրապես անիմաստ է դառնում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը գուցե հետագայում ինչ-որ օգուտներ ունենա, բայց Մաքսային միություն ընդհանրապես պետք չի մտնել: Ես չեմ բացառում, որ այդ հակասություններն ու խոչընդոտներն այնքան արագ կաճեն, որ Հայաստանը չի անդամակցի այդ միություններին: Ստացվում է՝ մենք հնարավոր է չանդամակցենք Եվրսիական միությանը, ԵՄ-ի հետ ասոցացումից էլ հրաժարվել ենք: Հայաստանը կարո՞ղ է կանգնել փաստի առջև: Հայաստանը հիմա էլ կանգնած է փաստի առջև, քանի որ հրաժարվելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, մենք նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին, փաստացի հրաժարվեցինք կոմպլեմենտար, կամ ինչպես վերջերս են ասում, և-և-ի քաղաքականությունից: Մենք գնացինք այն ուղղությամբ, որ ամբողջը տվեցինք Ռուսաստանին ու շատ արագ դրա արձագանքը ստացանք: Ռուսաստանը մեզնից ստանալով մեր անվտանգության փաթեթը, այդ թվում՝ էներգետիկայի ու առևտրի ոլորտներում, սկսել է իր հարցերը լուծել Ադրբեջանի հետ: Եթե մեծ առումով նայենք, Հայաստանն այլևս գործոն չէ Կովկասում: Ռուսաստանն արդեն առանց մեզ Ադրբեջանի հետ քննարկում է Ղարաբաղի հարցը: Դե հայտնի է, որ Ռուսաստանն Ադրբեջանից ուզում է ստանալ նավթ ու գազ իր տարածքով, այլ ոչ թե այլընտրանքային խողովակներով: Ռուսաստանն ուզում է, որ Ադրբեջանն ինչ-որ չափով մասնակցի եվրասիական ինտեգրացիոն գործընթացին, ու դրա փոխարեն Մոսկվան կոնկրետ բան ունի տալու՝ Ղարաբաղի հարցում զիջումներ անելով: Վերջին շրջանում սահմանին միջադեպերի ակտիվացումը Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստո՞ւմ է տեղի ունենում: Ես դա չեմ բացառում: Գիտեք, որ Մոսկվայի պայմանագրի համաձայն, Նախիջևանի երաշխավորներ են Ռուսաստանն ու Թուրքիան: Երրորդ գործոնը՝ քանի որ մենք մեր անվտանգության ողջ փաթեթը Ռուսաստանինք տվեցինք, վերջինս հիմա ավելի ուժեղ մանդատ ստացավ Ղարաբաղի հարցում: Դուք գիտեք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ է, ու երբ մենք նաև Ռուսաստանին տվեցինք մեր էներգետիկ ու առևտրային վերահսկողությունը, դրան էլ գումարվեց ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարումը, այդ պահից սկսած մենք անհետաքրքիր դարձանք Ռուսաստանի համար: Հիմա շատ դժվար է ասել, թե ինչ պետք է անենք, որ մեր հանդեպ հետաքրքրությունը բարձրանա: Այս պայմաններում Ռուսաստանը Հայաստանում ակտիվ կգործի, բայց մեզ հետ երկար ժամանակ չեն խոսելու, քանի որ ինչի՞ մասին պիտի խոսեն մեզ հետ, եթե մենք նույնիսկ Ղարաբաղի հարցում մանդատը տվել ենք Ռուսաստանին, և նա այդ հարցը կլուծի Ադրբեջանի հետ:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

24.06.2014 17:29

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*