Հայերեն

Ստյոպա Սաֆարյան . «Բավական է, օրինակ, մեկ հայի խալաթ հագցնեն, ինչպես արեցին Հրաչի դեպքում»

14.07.2014 | 07:21

загруженноеՍտյոպա Սաֆարյան . «Բավական է, օրինակ, մեկ հայի խալաթ հագցնեն, ինչպես արեցին Հրաչի դեպքում»
Դեպի Ռուսաստան հայերի արտագաղթը դյուրացնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները պետք է սեփական երկրում մարդկանց համար արժանապատիվ ապրելու և աշխատելու հնարավորություն ստեղծեն:

Այս մասին, ասաց վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված՝ ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագրին:

Այս մասին հաղորտում է KarabakhİNFO.com-ը վկայակոչելով Lragir.am-ին:

«Որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձում են հերոսական կեցվածք ընդունեն, թե տեսեք-տեսեք, իրենք Ռուսաստանի հետ խնդիրը լուծել են, դա այդպես չէ: Մեր խնդիրը, այո, մեր հայրենակիցներին ամենուր պաշտպանելն է, բայց, ցավոք, հայ ժողովրդից սկսած վերջացրած Ռուսաստանի իշխանություններով, բոլորը մտածում են խոպանում պայմանները լավացնելու մասին, փոխանակ մտածեն Հայաստանում պայմանները լավացնելու մասին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա նկատում է, որ միգրանտների այցելությունը դեպի ՌԴ տարածք դյուրացնելուն ուղղված այս համաձայնագիրը նախ և առաջ ձեռնտու է Ռուսաստանին: Առաջինը, պետք է նկատի ունենալ, որ ամենատարբեր կանխատեսումներով՝ մոտ ժամանակներս Ռուսաստանը դեմոգրաֆիական լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել: Հետևաբար, այդ երկրին պետք էր աշխատուժ:

«Հետևաբար, այս համաձայնագիրը երկարաժամկետ կտրվածքով այդ խնդրի լուծումներից մեկն է: Երկրորդ, Ռուսաստանում հայկական համայնքը չափազանց լուրջ ազդեցության գործիքի է վերածվել Հայաստանի վրա: Նրանց խոցելի պահելով, վիճակը շահարկելով՝ Ռուսաստանը խնդիրներ է լուծում: Բավական է, օրինակ, մեկ հայի խալաթ հագցնեն, ինչպես արեցին Հրաչի դեպքում, մի ամբողջ ազգի բան են հասկացնում, թե ինչ կարող է պատահել: Այսինքն՝ դա Հայաստանի որոշումների վրա ազդելու լավագույն քայլերից մեկն է դառնում»,- ասաց նա:

Ըստ վերլուծաբանի՝ վերջին ամիսներին շատ մարդիկ Հայաստանից այլևս չէին մեկնում Ռուսաստան՝ իրենց առջև դրված խոչընդոտի պատճառով: Այդ պայմաններում, որքան Հայաստանն ու այդ մարդիկ էին տուժում, նույնքան էլ Ռուսաստանն էր տուժում, որովհետև այդ երկիրը որակյալ աշխատուժի խնդիր ունի:

Ստյոպա Սաֆարյանի կանխատեսումներով՝ առաջիկայում Հայաստանից արտագաղթողների թիվը կարող է ավելանալ: «Եթե հաշվի առնենք այն, որ որևէ քայլ չի նկատվում, որ Հայաստանում աշխատատեղեր կբացվեն, որ զբաղվածության խնդիրը կլուծվի, որ մարդիկ կմնան իրենց երկրում և կունենան աշխատանք, ապա իհարկե արտագաղթ ենք ունենալու: Արտագաղթ ունենալու ենք բոլոր ուղղություններով, եթե Եվրոպայի դռները բացվեին, երևի այստեղ մարդ չմնար»,- ասաց նա:

Նշենք, որ այս համաձայնագրով ՌԴ մեկնող հայերի համար պայմաններն էապես բարելավվում են: Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Ավելի վաղ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասել էր, որ եթե այսօր հայ միգրանտները ՌԴ-ում դիմում են համապատսսխան մարմիններին՝ ներկայացնելով սահմանված փաստաթուղթ, վճարելով պետական տուրք, սպասելով որոշակի ժամանակահատված, մինչև կամ դրական, կամ բացասական որոշում կկայացվի, ապա համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո այդ խոչընդոտները վերանում են:
«Նույն հնարավարությունն է տրվում ՀՀ քաղաքացուն. ինչպես Ռուսաստանի քաղաքացին ՌԴ-ում աշխատելու իրավունք կունենա, այնպես էլ Հայաստանի քաղաքացին: Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում համարվելու է, որ անձը օրինական է գտնվում Ռուսաստանի տարածքում, ոչ միայն տվյալ անձը, այլ նաև իր ընտանիքի անդամները»,- ասել էր Եգանյանը:

 

 

 

“KarabakhİNFO.com”

14.07.2014 07:21

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*