Հայերեն

Վարդան Հարությունյան. «Ձերբազատվել այս վիրավորական ու ցածրակարգ ֆիդայիզմից»

29.08.2012 | 12:43

1346226172_vardan-harutyunyan1Թե Գյումրին, ուր փորձում էին ադրբեջանականֆիլմերի փառատոն անցկացնել, թե ողջհանրապետությունը ընդվզեց այդնախաձեռնության դեմ: Ինչո՞ւ էին այդքան համառնախաձեռնողները:
– Ողջ հանրապետության մասին ոչինչ ասել չեմ կարող: Կարծում եմ չափազանցված է նման կարծիքը, բայց Գյումրիում իրոք կրքերը թեժ են եղել: Ֆիլմերի ցուցադրման նախաձեռնության դեմ սկսված այս արշավը արհեստական ու մտացածին է: Ես երբեք չեմ հավատա, որ հայաստանցու համար հետաքրքիր չէ թե ինչ ֆիլմեր են նկարահանվում Ադրբեջանում: Նաեւ չեմ հավատա, որ մեր մեջ ատելությունը հարեւան ժողովրդի նկատմամբ այնքան շատ է, որ մեզ կուրացրել է:

Եթե դա այդպես լիներ՝ այս նույն դրսեւորումները մենք պետք է տեսնեինք «Ոսկե Ծիրան» փառատոնի ժամանակ, երբ եւ ադրբեջանական, եւ թուրքական ֆիլմեր են ցուցադրում, քննարկում, խոսում դրանց մասին: Այս հանգամանքը գալիս է փաստելու, որ սկիզբ առած այս «հակացուցադրումն» ինքը կինո է, հորինվածք ու բեմականացում : Իսկ նախաձեռնողները համառ էին երեւի, որովհետեւ ծրագիրն իրականացնելու պարտավորություն ունեն:


Ինքը` ծրագիրը վատ գաղափար չէ եւ դրա ճիշտ մատուցումն ու իրականացումը միայն օգուտ կարող է բերել: Վստահ եմ, որ նման ծրագրեր պետք է իրականացվեն հնարավորինս շատ ու հաճախ, բայց ճիշտ մատուցմամբ: Ճիշտ մատուցումը չափազանց կարեւոր է:
– Իր ընդդիմադիր կեցվածքով հայտնի «Ասպարեզը», որ միշտ հասարակության կողքին է ընդդեմիշխանության, ինչո՞ւ այս անգամ բրիկադի հակառակ կողմում հայտնվեց:


– Կարծում եմ, այս պատմության մեջ նույնպես, ինչպես միշտ, «Ասպարեզը» իր ճիշտ տեղում էր: Այստեղ բարիկադներ գոյություն չունեն, որ մեկը լինի բարիկադի այս, մյուսն` այն կողմում: «Ասպարեզի» ղեկավարն իր բացատրություններն այս կապակցությամբ արդեն տվել է: Ցանկացած հասարակական կազմակերպություն կարող էր եւ աջակցել այս նախաձեռնությանը, եւ իր տարածքը տրամադրել, եթե տարածք ունի: Անձամբ ինձ հրավիրել էին ցուցադրմանը եւ, եթե այն չլիներ Երեւանից հեռու՝ ես անպայման կմասնակցեի: Ի՞նչ է, դրանից կհետեւեր, որ այդ կուրծք ծեծողներն ու կազմակերպիչների վրա հարձակվողներն ինձանից ավելի՞ հայրենասեր են: Վաղուց ժամանակն է ձերբազատվել այս վիրավորական ու ցածրակարգ ֆիդայիզմից: Մենք ապրում ենք 21-րդ դարում:


– Կա կարծիք թե սա ընտրություններից եւ մշակված ընտրակեղծիքներից հասարակությանուշադրությունը շեղելու փորձ էր: Որքանո՞վ է սա մոտ իրականությանը:
– Սա ինչ որ առումով, իհարկե, մարդկանց ուշադրությունը շեղելու համար եւ քարոզչական նպատակներով կօգտագործվի ու արդեն օգտագործվում է: Նաեւ ոմանց համար կուրծք ծեծելու , մազերը հանուն հայրենիքի փետելու, ու սեփական քարանձավային հայրենասիրությունը ցուցադրելու լավ հնարավորություն է:
– Մենք ենք շատ անհանդուրժո՞ղ ու Գեորգի Վանյանը միակ խաղաղասերը, թե՞ իրերի դրությունը քիչ այլէ:


– Մենք անհանդուրժող չենք եւ ոչ էլ Գեորգի Վանյանը միակ խաղաղարարն է: Խաղաղարարությունը չի կարող եւ չպետք է ագրեսիվ լինի: Ագրեսիվ պացիֆիզմ եւ ագրեսիվ խաղաղարարություն չի լինում: Այն պետք է լինի մեղմ, սահուն: Այն պետք է լինի դա քարոզողի հավատամքը, էությունը, այդ դեպքում հեշտ է լինում դրա կենսագործումը:
Քսաներորդ դարասկզբին հայերի ու ադրբեջանցիների միջեւ թշնամությունն ավելի պակաս չէր: Գենոցիդ էր եղել, շատ ավելի շատ արյուն էր հոսել, շատ ավելի շատ կորուստներ էին եղել, բայց ոչ ոք խաղաղարար նախաձեռնություններով հանդես եկող Թումանյանին չէր ապտակում կամ քարկոծում: Նա կարողանում էր այդ նախաձեռնությունը մատուցել այնպես, որ մարդիկ կարողանան դա ընդունել: Խաղաղարարությունը բխում էր նրա էությունից ու բնական էր:


– Ծրագիրը ֆինանսավորում էին ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: Ծրագրի այսքան բուռն մերժումն ուդատապարտումը Հայաստանի հետ հարաբերությունների վրա որեւէ ազդեցություն կունենա՞:
– Չեմ կարծում, թե սա որեւե կերպ կարող է միջպետական մակարդակներում ազդել այդ երկրների հետ ունեցած մեր հարաբերությունների վրա: Սա ընդամենը կարող է մեր մասին հերթական բացասական կարծիքի ձեւավորման պատճառ դառնալ: Նորմալ մտածող եվրոպացու աչքերում մենք այս դեպքով, մեկ ավելորդ անգամ եւս, երեւում ենք որպես այլ տեսակետ ու կարծիք չանհանդուրժող զանգված:
– Ինչո՞ւ նման ծրագրեր չեն իրականացնում կամ գոնե չեն փորձում իրականացնել Ադրբեջանում:


– Նման ծրագրեր չեն իրականացվում Ադրբեջանում ճիշտ նույն պատճառով, ինչ Հայաստանում: Մենք չափազանց նման ենք իրար մեր մտածողությամբ: Այնտեղ էլ ճիշտ մեր կուրծք ծեծողների մնան հայրենասերներ կան, ովքեր պատրաստ են նման նախաձեռնությամբ հանդես եկողներին հայհոյել ճիշտ նույն բառերով, հակաճառել նուն փաստարկներով եւ գլուխները ջարդել նույն ոգեւորությամբ: Սա պատիվ չի բերում եւ մեզ, եւ նրանց:
Վերջին հաշվով այս հակամարտությունն ու թշնամությունը երկար չեն տեւելու: Մենք հարեւաններ ենք եւ ինչ էլ ուզում է լինի, իրար հետ ենք ապրելու: Խաղաղությունն ու համակեցությունն այլընտրանք չունեն: Խաղաղության այլընտրանքը պատերազմն է: Սպանված զիրվորն ու հրետակոծված գյուղն է խաղաղության այլընտրանքը: Եվ, եթե սպանված զինվոր ու հրետակոծված գյուղ ունենալ չենք ուզում, ուրեմն պետք է հիմիկվանից պատրաստվենք խաղաղ գոյակցությանը: Դրա փոխարեն եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում հակաքարոզչությունը, հարեւանի նկատմամբ ատելության սերմանումը բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակ: Նախագահի բերանով, նկատի ունեմ Քոչարյանին, ասվում է մեր երկու ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին:


Երկու երկրներում էլ պետության հովանավորության տակ գործող լրատվամիջոցներն ու կազմակերպությունները անընդհատ ատելության քարոզով են զբաղված: Ինչքան քիչ է այս կամ այն լրատվամիջոցը, կազմակերպությունը կամ անհատ գործիչը կախված գործող իշխանություններից՝ այնքան հանդուրժող ու լայնախոհ է: Ցավոք եւ մեզ մոտ, եւ նրանց մոտ նույն պատկերն է:

29.08.2012 12:43

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*