Հայերեն

«Վեց երեխայի մայր 35-ամյա Հայկանուշ Գրիգորյանը ոչ մի կերպ չի կարողանում աշխատանք գտնել»

14.07.2014 | 10:01

10531162_602450836535070_978922749_n«Վեց երեխայի մայր 35-ամյա Հայկանուշ Գրիգորյանը ոչ մի կերպ չի կարողանում աշխատանք գտնել»
Բուժքրոջ մասնագիտություն ունեցող երիտասարդ կինը պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել՝ ընտանիքի սուղ բյուջեն թեկուզ փոքր, բայց այնքան անհրաժեշտ գումարով լրացնելու համար: Մեկ տարի առաջ, երբ Հովունի գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրը ազատվեց աշխատանքից՝ հիվանդ որդուն Ֆրանսիա տանելու պատճառով, թափուր աշխատատեղի համար Հայկանուշն անմիջապես դիմեց տնօրենին:

«Ամբուլատորիայի վարիչը՝ Ավետիսյան Յուղաբերը մերժեց ինձ, ասելով, թե դու գնա երեխեքիդ մեծացրա,-պատմում է Հայկանուշը,- բայց չէ որ էդ երեխեքին պահելու համար ինձ աշխատանք է պետք: Կարո՞ղ է օդով կսնվին կամ կհագնվին իմ երեխեքը: Վեց երեխա ունենալն հանացագործությու՞ն է, որ ինձ աշխատանքի չեն ընդունում, չեմ հասկանում: Հետո վարիչն իհարկե մեկին ընդունեց Մայիսյան գյուղից: Բայց վա՞տ կլիներ, որ աշխատողը տեղից լիներ: Մայիսյանից բուժքույրը ժամը 9-ին գալիս 13-ին գնում է, իսկ օրվա երկրորդ կեսին, որ գյուղում մեկը վատանա, սրսկում պետք լինի կամ ճնշում չափելու կարիք, մարդ չկա, որ անի»:

Գրիգորյանների բազմանդամ ընտանիքը Շիրակի մարզի Հովունի գյուղում հաստատվել է 5 տարի առաջ: Մինչ այդ ապրել են Գյումրիում, այնուհետեւ՝ Մայիսյան գյուղում: Քանի որ երկրաշարժին Գյումրիում բնակարան էին կորցրել, Գրիգորյաններին «Բնակարանների գնման վկայական» ծրագրով 4.000 ամն դոլար գումար են հատկացրել, որով էլ կարողացել են Հովունի գյուղում չորս սենյականոց տուն գնել:

Երեք տղա եւ երեք աղջիկ են մեծանում Գրիգորյանների ընտանիքում: Ապրում են երեխաների համար տրվող 55 հազար նպաստով եւ ընտանիքի հոր՝ Արտյոմի պատահական վաստակի հաշվին: «Ամուսինս ծեփագործ է, մշտական աշխատանք չունի: Լինում է, որ տարվա մեջ երկու ամիս է աշխատանք ունենում, բայց երբեք արտագնա աշխատանքի չի մեկնում,-ասում է Հայկանուշը,-գերադասում է ընտանիքի կողքին լինել»:
Երեխաներից ավագ դուստրն ու տղան սովորում են Գյումրու թիվ 12 մշակութային վարժարանում: Շաբաթվա հինգ օրը Գոհարն ու Դավիթն ապրում են մորաքրոջ տանը: Գրիգորյանները նման ընտրության առաջ կանգնել են դպրոցի յուրահատկության պատճառով: Մայրը բացատրում է, որ եթե երեխաները սովորեին գյուղի դպրոցում, ապա ինքը հնարավորություն չէր ունենա նրանց նկարչական կամ երաժշտական դպրոց ուղարկելու: «Իսկ էդ դպրոցը, քանի որ կոչվում է մշակութային, դասերից հետո երեխեքը նկարչություն ու երաժշտություն են պարապում: Երկուսն էլ նկարում են, Դավիթս նաեւ շատ լավ երգում է»:

12-ամյա Գոհարն երազում է դիզայներ դառնալ, իսկ 11-ամյա Դավիթը՝ ատամնաբույժ: «Քանի գնում պահելը դժվարանում է,-նկատում է 35-ամյա կինը,-փոքր ժամանակ ես գործում հագցնում էի, հիմա արդեն մեծացել են, մեկը մյուսի շորը դժվարությամբ է հագնում: Մենք էլ էժանն ենք առնում՝ չի դիմանում, շատ-շատ մի քանի ամիս: Դպրոցում հարցնում են մեկը մյուսին, թե սա քո անցած տարվա շորը չէ՞, ինչի ես էս տարի էլ հագել: Դե աղջիկ երեխա է, ազդվում է, լավ չէ՞ր էն ժամանակները, որ բոլորը նույն ֆորմայով էին դպրոց գնում»:
Դժվար, բայց շատ պատասխանատու է վեց երեխա նման պայմաններում մեծացնելը, խոստովանում են Գրիգորյանները:
Ասում է, որ շատ երեխա ունենալը մի կողմից երջանկություն է, մի կողմից պատասխանատվություն, մյուս կողմից էլ հարկ է բազմաթիվ դժվարություններ հաղթահարել: Օրինակ ինքը որքան էլ բացատրում է, որ ծխելը վատ բան է, տղաներից ավագն ընդունում է, փոքրը՝ չէ: Հասկանում է, որ կյանքն իր սրբագրումներն անելու է, սակայն առայժմ փորձում է վերահսկել եւ փոքրիկների մեջ միայն լավն ու դրականը սերմանել:
“KarabakhİNFO.com”

14.07.2014 10:01

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*