Հայերեն

Փնտրում են ոչ թե «ծովից ծովը», այլ պոռնո

29.08.2012 | 12:49
1346226580_armenohanyanՓնտրում են ոչ թե «ծովից ծովը», այլ պոռնո
Մեր զրուցակիցն է արձակագիր, հանրային կապերի մասնագետ Արմեն Օհանյանը
Արմեն, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարվածից մի քանի օր հետո պարզ դարձավ, որ բժիշկներն այդ նույն ռեստորանում քեֆ են արել, թեեւ ավելի տրամաբանական ու մարդկային կլիներ այդ միջադեպը դատապարտելը եւ բոյկոտելը: Ինչի՞ հետևանք եք համարում սա: 
«Քեֆ անողին քեֆ չի պակսի» հեքիաթը սխալ են հասկացել: «Հարսնաքարում» մեյմունություն անող բժիշկներն ինչ-որ առումով կապիկներ են, նման են բուդդիստական հայտնի կապիկների քառյակին. երևի հիշում ես՝ մեկը աչքերն է փակել, որ չտեսնի չարը, մյուսը` ականջները, երրորդը` բերանը, իսկ չորրորդը` ոտնարանքը: Բայց էս կապիկներն իմաստուն էին, իսկ մեր բժիշկները բուդդիստ չեն ու նման վարքով` չխոսելով կհամրանան, չտեսնելով՝ կկուրանան, չլսելով՝ կխլանան, չանելով՝ կամլանան: Խոշոր հաշվով`«Հարսնաքարը» մի ոճիրի տրամաբանական շարունակություն է, որ տեղի ունեցավ Պապլավոկում Պողոս Պողոսյանի հետ: Ինչո՞ւ են Հայաստանում թիկնապահները մարդ սպանում, չէ՞ որ նրանք կոչումով մարմնի պահապան հրաշտակներ են: Անձեռնմխելիության հարց է: Կարևոր հարց է` մարմնի անձեռնմխելիության ու արժևորման հարցը: Արևմուտքում թիկնապահը աստղ դարձած սևամորթ կնոջը` Ուիթնի Հյուսթոնին պաշտպանող սպիտակ տղամարդն է` Քեյվին Քոսթները, և բառն էլ «բոդիգարդ» կամ ռուսերեն «ծելոխրանիծել» մարմնի ամբողջական պաշպանություն է ենթադրում, իսկ մեզ մոտ, երևի, միայն թիկունքն է խոցելի, դրա համար էլ թիկունքը պահելու հարց կա, դիմացից խփելու հնարավորություն ունեն միայն իրենք ու իրենց ծնած ահաբեկիչները: Դիմացից պաշպանված են իրենցից մի մետր առաջ ընկած փորերով: Էդ փորերն էլ են անձեռնմխելիության նշան, որովհետև, ինչպես ասում է իմ ընկեր Արման Գրիգորյանը` մեր պատկերացումներով հղի կանայք անձեռնմխելի են, իսկ տղամարդկանց ցմփորիկությունը հղի կնոջը նմանվելու, ասել է թե անձեռնմխելիությունը հեռվից տեսանելի դարձնելու ազդանշան է դառնում: Էս իմաստով, իհարկե, Նեմեցն իր թիկնազորով ու մեծ-մեծ ջիփերի շարասյամբ, այսօր ամենահետաքրքրական տիպական ֆիգուրներից է, քանի որ ամբողջացնում է անձեռնմխելի ցմփորիկ հանրապետականի, այսինքն` հետամնաց-ռաբիզ-ֆաշիստի կերպարը` իբրև իշխանության ցուցանմուշային ներկայացուցիչ:
Արմեն, սակայն ինչպե՞ս են բժիշկները այդ վայրում քեֆ արել, երբ իրենց գործընկերոջը տեղում հոշոտել են, ստացվում է իրենց կերպարը չի՞ տարբերվում գործողությունը կատարածից:
Կենսատարածքի խնդիր կա: Եթե շատ մանրանանք, պիտի բռնենք արտագաղթի ճանապարհը, որովհետև կնստես տաքսի` մի ցմփորիկ նեմեցինն է, խանութ` մյուսինը, ու մենք դառնում ենք հիմար կկու` սուտլիկ աղվեսի կացնի ահից վախեցած, որովհետև «էս ծառն իմն է, էս քարն իմն է» ասելով ման են գալիս, բանից անտեղյակ, որ ծառուքարը գուցեև սեփականության իրավունքով իրենցն է, բայց իրականում ռուսինն է ողջ տարածքը:
Ուրեմն, էս ցմփորիկ նեմեց գորտերը հերիք չի ճահճացրել են մեր կենսատարածքը, մի հատ էլ նստած ծովից ծով Հայաստանից են խոսում, երբ մարդիկ խեղվում են էս ճահիճում. արդեն ընտանիքներով են ինքնասպան լինում` ինչպես հայր ու որդին անցած շաբաթ: Ու իրենց պարզունակ հետամնաց ռաբիզությունը հրամցնում մեզ իբրեւ ազգային պահպանողականություն: Ազգային պահպանողականությունը մենակ մի հարցում պահպանողական չի, այլ հակառակը, առաջ է գնում. վերջին 40 տարում անընդհատ քարտեզների վրա մեծացնում է ծովից ծով Հայաստանի տարածքը, բայց այս գիտաֆանտաստիկ հնարքը որևէ կերպ չի նպաստում երրորդ հանրապետության ժողովրդավարացմանը, կամ պարզապես լիարժեք կայացմանը:
Ու իրենք էլ հասկանում են, որ ինչքան շատ խոսեն ծովերից, էնքան շատ մարդիկ կգնան դեպի իրական ծովեր, մինչդեռ խնդիրը գլխանց պարզից էլ պարզ էր. դե ֆակտո հաստատել մի իրողություն, որ դե յուրե սահմանվել է դեռ 92-ին` Հայաստանն իբրև ինքնավար, ժողովրդավար, արդար, ազատ, անկախ հանրապետություն, որտեղ բոլորը տարբեր են, ու հավասար` օրենքի առաջ:
«Հավատանք որ փոխենքը» փաստացի չգործեց:
Կարգախոսն արեց իր սև գործն ու այլևս պատմություն է, ով հավատաց՝ հավատաց, ով փոխվեց՝ փոխվեց, արդյունքում իհարկե տեղի ունեցավ մի դրական փոփոխություն, ոմանք համարձակվեցին չհավատալ ու փոխվեցին. կար կոալիցիա ու չկա կոալիցիա, իսկ դա միանշանակ դրական է:
Փաստորեն ցեղակրոնները մնացին մենակ, կարելի է ասել՝ իրենք իրենցով` ցմփորիկ նեմեցներով:
Ւ՞նչ սև գործի մասին է խոսքը:
Վայ, չգիտե՞ս, որ իրենք սևերն են, կարգախոսն էլ մի նպատակ ուներ` «չոռնին» վերադարձնել իշխանական ներկապնակ իբրև միակ գերակա գույն, և միայն մի հիասթափություն ունեցա, որ Չոռնիին չնշանակեցին էկոլոգիայի նախարար, որովհետև շատ հետաքրքրական կլիներ կանաչների և սևի համադրությունը զուտ քաղաքական գեղագիտության տեսանկյունից: Իսկ որ սևերը որոշել են նաև սևացնել ամենագունառատ տարածքը` տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտը, դա արդեն մտահոգիչ է: Պետք է ամեն ինչ անել, որ կառավարությունը ձեռք քաշի բարձր տեխնոլոգիաները ցածրացնելու իր մտքից: Թող ավելի լավ է շարունակեն գյուղերում կովի կուրծքը տաք ջրով լվանալու լուսավորչական ծրագիրը:
Ի նկատի ունենք՝ ՏՏ ոլորտի համար առանձին նախարարություն բացելու գաղափարն անհեթեթությո՞ւն է:
Թող սևերը բացատրեն ինչ պիտի անեն իմ և քո` ազնիվ հարկատուների փողերով: Ես պատրաստ եմ վճարել, որ սահմանին զինվորը չմրսի, որ միայնակ թոշակառուն սոված չմնա, որ հիվանդ գործազուրկն անվճար բուժվի, մի կերպ հանդուրժում եմ, որ իմ հաշվին սփյուռքին ապարդյուն տուն են կանչում, բայց պատրաստ չեմ վճարել տեխնոլոգիայի դիմաց, որը չկա, եւ չկա ոչ թե այն պատճառով, որ նախարարություն չենք ունեցել, ՏՏ առաջատար երկրներից շատերում նախարարություն չկա, բայց ասենք Պակիստանում կա, այլ նեմեցների անգործունակության, տհասության եւ հետամնացության արդյունքում:
Ի ՞նչն էր խանգարում մեր կառավարությանը, որին կից կա ՏՏ խորհուրդ, հանդես գալ իբրև պատվիրատու և էսքան տարվա ընթացքում մի հատ «օսիառ» ունենայինք` տառաճանաչ ծրագիր, որ մեր ազգային տեքստը` մեծ իմաստով, կարողանայինք թվայնացնել, կամ նորմալ «սփելչեքեր», «թրանսլեյթերներ», էլ չեմ ասում, որ էլեմենտար ստեղնաշարեր չկան հայերեն, որոնց արտադրության կազմակերպումն ընդհանրապես բարդություն չէր, եւ ոչ մեկի չի հետաքրքրի շուկայական առումով` շուկայի փոքրության պատճառով: Թե չէ, ցմփորիկ նեմեցների նախագահը գնում է Վիետնամ գալիս, որոշում են, որ մենք էլ նախարարություն պիտի ունենանք, ի դեպ՝ իրենց մոտ գիտության եւ տեխնոլոգիայի է:
Կարճ ասած` նախարարություն բացուխուփ հարցերը չեն լուծվում: Էսօր «Գուգլ» վիճակագրությունը պարզապես հավաստում է, որ Հայաստանում մարդիկ որոնման պատուհանում ամենից շատ փնտրում են ոչ թե կորուսյալ դրախտ «ծովից ծովը», այլ պարզապես պոռնո, սեքս էլ չէ` պոռնո:Սիրանույշ Պապյան

 

29.08.2012 12:49

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*